Արցախյան հերոսամարտի մասնակից գյումրեցի ազատամարտիկներ Սուսաննա Պետրոսյանի եւ Հրաչյա Ավետիսյանի դատական գործն ավարտվեց: Նրանք մեղադրվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի առաջին եւ 325-րդ հոդվածի առաջին մասով (խարդախություն եւ փաստաթղթերի կեղծում): Գործը նախապատրաստվել էր ՊՆ-ն քաղհայցով:
Նրանց մեղադրում են այն բանում, որ նրանք վիրավորվել են ոչ թե պատերազմի ժամանակ այլ դրանից հետո կամ առաջ, բայց տարիներ շարունակ դրա համար թոշակ են ստացել: Դատարանը մեղադրում է այս անձանց փաստաթղթեր կեղծելու եւ գումարներ շորթելու մեջ:
ՊՆ-ը պահանջել է դատարանից պարտավորեցնել Հրաչյա Ավետիսյանին պետբյուջե վերադարձնել 3 միլիոնից ավելի դրամ, իսկ Սուսաննա Պետրոսյանին 10 միլիոն դրամ:
«Փաստաթղթեր կեղծելն ու խարդախության ճանապարհով գումարներ շորթելը միայն այդ մարդիկ չեն իրականացրել: Տեղի է ունեցել գործարք, որի բոլոր մասնակիցները չէ, որ դատարանի առաջ են կանգնած այսօր»,-NEWS am- ի թղթակցի հետ զրույցում ասել է ամբաստանյալների շահերի պաշտպան Թամարա Յայլոյանը: Ըստ փաստաբանի` գործարքի փոքր կողմերն են հայտնվել դատարանում եւ այս դեպքում անիմաստ է պայքարելը պետական ապարատի դեմ:
«Պետությունն այստեղ մի նպատակ ունի գումարներ կորզել ու մուտքագրել պետական բյուջե»,-ասել է փաստաբանը: Նա դատական նիստի ընթացքում հանդես է եկել միջնորդությամբ` համաներում կիրառել իր պաշտպանյալների նկատմամբ, նաեւ հաշվի առնելով, որ ամբաստանյալները որոշակի գումար են մուտքագրել պետական բյուջե:
Իրենց խոսքում նույնն են խնդրել նաեւ ամբաստանյալ ազատամարտիկները:
Դատարանը համաներում է կիրառել փաստաթղթեր կեղծելու եւ կեղծ գործարք իրականացնելու հոդվածի մասով, սակայն ազատամարտիկները մեղադրվում են նաեւ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի երրորդ մասով` խարդախության մեջ:
Ըստ դատարանի վճռի, Հրաչյա Ավետիսյանը դատապարտվել է 3 տարվա պայմանական ազատազրկման, իսկ Սուսաննա Պետրոսյանը` 3 տարվա ազատազրկման:
Իր վերջին խոսքում`դատավորի այն հարցին, թե զղջո՞ւմ են արդյոք ազատամարտիկները, Սուսաննա Պետրոսյանը պատասխանել է. «Զղջում եմ, որ մեկնել եմ պատերազմ, որ մանր երեխաներիս անպաշտպան թողել ու որպես քույր Ղարաբաղում կին լինելով` վիրավոր տղամարդկանց շալակիս առած տեղափոխել ու բուժել եմ:
Այ դրա համար զղջում եմ, պարոն դատավոր»: Ազատամարտիկները մտադիր են առաջին ատյանի դատարանի վճիռը բողոքարկել ՀՀ վերաքննիչ դատարանում:



























