Թուրք-իսրայելական հարաբերությունների սառեցման պատճառը Թուրքիայում իսլամական ռեժիմի իշխանության գալն է։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այսպիսի միտք է հայտնել Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը։

Նրա խոսքով, Թուրքիայի ձգտումը՝ մեծացնել Անկարայի դերը Միջին Արեւելքում եւ իսլամական աշխարհում, անտեղի է դարձնում Թել-Ավիվի հետ Անկարայի համագործակցությունը։ «Վերջին գործընթացները հստակ կերպով վկայում են թուրք-իսրայելական հարաբերություններում առկա խնդիրների մասին, եւ դա նոր միտում չէ։ Այժմ իրավիճակը, պարզապես, հասել է գագաթնակետին. Անկարան նույնիսկ չի ցանկանում թույլ տալ Իսրայելին մասնակցել Թուրքիայում կայանալիք ՆԱՏՕ-ի զորավարժություններին»,- հայտարարել է Կիրակոսյանը։ Բացի այդ, նա ընդգծել է, որ Թուրքիան չի ձգտում իսլամական աշխարհում առաջնորդի դեր ստանձնել, եւ անգամ մեծ ցանկության դեպքում դա նրան չի հաջողվի՝ գոնե ներքին տարաձայնություններից ելնելով։ «Թուրքիան ոչ ֆունդամենտալ իսլամական երկիր է, իսկ իշխանության եկել են իսլամական ուժեր, ինչն էլ հակասություների տեղիք է տալիս։ Սակայն Թուրքիան լավ կամուրջ կարող է հանդիսանալ իսլամական աշխարհի, Իրանի եւ Սիրիայի միջեւ»,- նշել է փորձագետը՝ ավելացնելով, որ Անկարայի, Թեհրանի եւ Դամասկոսի միջեւ համագործակցության ակտիվացումն, իհարկե, Իսրայելի խանդը եւ զգուշավորությունն է առաջ բերում։

Խոսելով հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման հետեւանքով Բաքու-Անկարա հարաբերությունների սառեցման համապատկերում Ադրբեջանի եւ Իսրայելի փոխգործակցության ակտիվացման հեռանկարների վերաբերյալ՝ Ռ. Կիրակոսյանը ընդգծել է, որ անկախ թուրքական փաստից, Իսրայելը Ադրբեջանի հետ միշտ էլ նեղ համագործակցություն է ունեցել, այնպես, ինչպես եւ Վրաստանի հետ։ Եւ հիմա, նրա խոսքով, վերջին իրադարձությունների համապատկերում այդ փոխգործակցությունը էլ ավելի կակտիվանա։

Հարցին, թե այդ դեպքում, կձգտի՞ արդյոք Թել-Ավիվը տարածաշրջանում ստանձնել երրորդ շարժիչ ուժի դերը, փորձագետը նշել է.

«Իրավիճակի նման զարգացում ես չեմ կանխատեսում, քանի որ առաջինը՝ ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը դա թույլ չեն տա, իսկ երկրորդը՝ Թել-Ավիվի հետաքրքրությունները տարածաշրջանում սահմանափակվում են միայն Իրանով»։ Պատասխանելով հարցին, թե թուրք-իսրայելական հարաբերությունների սրման համապատկերում հնարավո՞ր է, որ Թել- Ավիվը ԱՄՆ-ի հրեական լոբբիին խորհուրդ տա դադարեցնել Թուրքիային Հայոց ցեղասպանության ժխտման գործում դիվանագիտական օգնություն ցույց տալը, Կիրակոսյանն ասել է. «Սկզբունքորեն դա հնարավոր է, սակայն քիչ հավանական, քանի որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը Ւսրայելի դիմադրությունը պայմանավորված է ոչ միայն թուրքական գործոնով, այլեւ խանդի զգացումով»: Իսրայելը կարծես թե փորձում է պահպանել հրեական ժողովրդի ողբերգության՝ Հոլոքոստի, բացառիկությունը: