Տեղեկատվական վեճերի խորհրդի (ՏՎԽ) գնահատականը «Քոչարյանն` ընդդեմ Հրապարակի» գործով այդքան էլ չի համապատասխանում հոդվածի էությանը: Այս մասին այսօր` հուլիսի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը` ի պատասխան  NEWS.am-ի հարցի, թե ինչպե՞ս է գնահատում ՏՎԽ-ի գործունեությունը եւ հրապարակած եզրակացությունները:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի գնահատականը «Քոչարյանն` ընդդեմ Հրապարակի» գործով տարբերվում է Տեղեկատվական վեճերի խորհրդի հրապարակած եզրակացությունից: «Ինձ համար` որպես փորձագետ, այնքան էլ ընդունելի չէր Ռոբետ Քոչարյանի հետ կապված վեճի գնահատականը, որովհետեւ ես համարում եմ, որ այնտեղ, չնայած բոլոր կոշտ արտահայտություններին, այնուամենայնիվ, իմ գնահատմամբ` այդտեղ շեմը չէր անցել: Իսկ շեմը որոշում է  դատարանը»,- ասաց նա`  վկայակոչելով Եվրոպական դատարանի նախադեպերը, որոնք թույլ են տալիս լրագրողին իր գործունեության ընթացքում ենթադրություններ եւ  չափազանցություններ անել:

«Երբ հայտարարվեց այդ խորհրդի ստեղծման մասին, ես առհասարակ կասկածներ ունեի, որ նրա գործունեությունը կարող է խանգարել մեկ այլ կառույցի գործունեությանը` Ինքնակարգավորման դիտորդ մարմնի,որը երեք տարի է` գործում է, ճիշտ է`շատ դանդաղ է  ընթանում գործունեությունը, բայց կա: Առայժմ խանգարելու որեւէ միտում չեմ նկատել, որովհետեւ նրանք փորձում են միմյանց լրացնել»,- նշեց Աշոտ Մելիքյանը` հավելելով, որ դեռ չի կարող ասել, թե ՏՎԽ-ի գործունեությունը որքանով կնպաստի խոսքի ազատության բարելավմանը, քանի որ «դեռ չգիտեն` ինչ գործերի նկատմամբ ինչ դիրքորոշում կունենա»:

Նշենք, որ Տեղեկատվական վեճերի խորհուրդը հիմնադրվել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին կից եւ պաշտպանի նախաձեռնությամբ: Խորհրդի նպատակն է պաշտպանել խոսքի ազատությունը, տեղեկատվության մատչելիությունը, ինչպես նաեւ անձի արժանապատվությունը եւ մասնավոր կյանքի իրավունքը` այդ իրավունքների իրացման ընթացքում ծագող դատական վեճերի դեպքերում փորձագիտական եզրակացություններ հրապարակելով, որոնք հիմնված են ՀՀ օրենսդրության, միջազգային իրավական ակտերի եւ էթիկայի նորմերի վրա: Խորհրդի քարտուղարը Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանն է, հիմնադիր անդամները` Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյան, «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը, «Արնի Քոնսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն Արա Ղազարյանը, «Արմմեդիա» ծրագրի տնօրեն Մանանա Ասլամազյանը: Խորհրդի կազմը կարող է համալրվել:

Ավելի վաղ Շուշան Դոյդոյանը NEWS.am-ին ասել էր, որ առաջիկայում եզրակացություն կհրապարակեն նաեւ «Արզաքանցյանն` ընդդեմ «Իրավունք» թերթի» եւ «Օլիգարխներն` ընդդեմ «Հայկական ժամանակի» գործերով: Տեղեկատվական վեճերի խորհուրդն իր առաջին եզրակացությունը հրապարակել էր «Քոչարյանն ընդդեմ Հրապարակի» իսկ երկրորդը` «Արզաքանցյանն ընդդեմ «Երկիր» թերթի գործերով: