Պաշտպանության նախարարությունը հերքում է տեղեկությունը, ըստ որի Զինված ուժերի Վայքի Խաչիկ գյուղի 4-րդ գումարտակում զինծառայողի նկատմամբ ծեծի, բռնությունների եւ անմարդկային վերաբերմունքի դեպք է արձանագրվել:

Այս առնչությամբ, Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը նշել է.

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից մամուլում տարածված հաղորդագրության կապակցությամբ, ըստ որի ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկում սպայի կողմից բռնության է ենթարկվել ժամկետային զինծառայող Ռաֆիկ Հովհաննիսյանը, համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացվել են օպերատիվ աշխատանքներ, որոնց արդյունքում պարզվել է, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: 

Իրականում տեղի է ունեցել հետեւյալը. շարքային Ռաֆիկ Հովհաննիսյանին արգելվել է օգտագործել իր բջջային հեռախոսը, քանի որ նա իրավունք չուներ կրել անձնական հեռախոս եւ կարող էր օգտագործել միայն իր դասակում առկա բջջային հեռախոսը: Իսկ նրա նկատմամբ սպայի կողմից բռնություն գործադրելու մասին լուրերի տարածումը պարզապես ապատեղեկատվություն է եւ արժանի է համապատասխան հանրային գնահատականի»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հուլիսի 16-ին դիմում է ներկայացրել ՀՀ զինվորական դատախազություն, իսկ պատճենը նաեւ ՀՀ պաշտպանության նախարարություն՝ Վայքի Խաչիկ գյուղի 4-րդ գումարտակում զինծառայողի նկատմամբ ծեծի, բռնությունների եւ անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակից NEWS.am-ին հայտնել էին, որ իր որդու իրավունքների պաշտպանության համար կազմակերպության է դիմել Ռ. Հովհաննիսյանը եւ հայտնել, որ գումարտակի ինչ-որ սպա, որդու ձեռքին հեռախոս տեսնելով, վերցրել է այն եւ հրամայել որպես պատիժ փորի վրա կատարել վարժություն:

Տղան հրաժարվել է կատարել սպայի հրամանը, որից հետո ենթարկվել է ծեծի, բռնությունների եւ անմարդկային վերաբերմունքի:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել է զինվորական դատախազություն՝ պահանջելով գործի առընչությամբ հարուցել քրեական գործ եւ հաղորդման վերաբերյալ կայացրած որոշումը տրամադրել կազմակերպությանը: