Ադրբեջանը «կառուցողականություն» ասելով նկատի ունի այն լայնածավալ պատերազմը, որ սկսեց Արցախի ժողովրդի դեմ: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Տիգրան Բալայանը:

Ի պատասխանը «Արմինֆո» լրատվական գործակալության դիտարկման, թե Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Էլխան Պոլուխովն այսօր հայտարարել է, որ արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցություններում Ադրբեջանը միշտ հանդես է եկել կառուցողական դիրքերից՝ միաժամանակ Հայաստանին մեղադրելով ձեռք բերված պայմանավորվածություններից հրաժարվելու մեջ, Տիգրան Բալայանն ասել է. «Ըստ երեւույթին, պարոն Պոլուխովը ի նկատի ունի այն „կառուցողականությունը“, որով Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսեց Արցախի ժողովրդի դեմ, այն „կառուցողականությունը“, որով հրաժարվեց 2001թ. փարիզյան սկզբունքներից, որոնք թղթին հանձնվեցին Քի-Վեսթում, կամ էլ` այն „կառուցողականությունը“, որով Ադրբեջանը գրեթե մեկ տարվա ընթացքում հերքում էր 2007թ. ներկայացված մադրիդյան փաստաթղթի գոյությունը: Կարծում եմ` Պոլուխովի „կառուցողականությունը“ կարող է հասկանալ միայն ինքը` Պոլուխովը»: