Շախմատի աշխարհի թիմային առաջնության հաղթողի երկու գլխավոր հավակնորդների` Հայաստանի եւ Ռուսաստանի հավաքականների մրցամարտը 3-րդ տուրում ավարտվեց ոչ ոքի` 2:2 հաշվով: Նախ Ալեքսանդր Գրիշչուկն ու Սերգեյ Մովսիսյանը եւ Վլադիմիր Հակոբյանն ու Յան Նեպոմնյաշչին արագ ոչ ոքիներ խաղացին: Այնուհետեւ Հայաստանի հավաքականին ծանր դրության մեջ գցեց Գաբրիել Սարգսյանը, որը սեւերով պարտվեց Պյոտր Սվիդլերին: Եվ միայն Լեւոն Արոնյանը մոտ հինգ ժամանոց պարտիայում, 74-րդ քայլում հաղթեց Սերգեյ Կարյակինին:

Մյուս հանդիպումներում Ադրբեջանը 1,5:2,5 հաշվով պարտվեց Հունգարիային, նույն հաշվով չինացիները պարտվեցին Իսրայելի թիմին: Ամերիկացիները 3,5:0,5 հաշվով հաղթեցին Եգիպտոսին: Հնդկաստան - Ուկրաինա մրցամարտը շարունակվում է. առայժմ ոչ ոքի է` 1:1, սակայն անկախ այդ հանդիպման արդյունքից Ռուսաստանը 5 միավորվ պահպանեց ընթացիկ առաջին տեղը, Հայաստանն էլ մնաց երկրորդ տեղում` 4 միավոր: