Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը կշարունակի համակարգել այն ուղղությունները, որոնք նրա պատասխանատվության դաշտում են եղել փոխքաղաքապետի պաշտոնում։ Նա այդ մասին հայտարարեց այսօր՝ հունվարի 31-ին, քաղաքապետարանում առցանց ձևաչափով կազմակերպված աշխատանքային խորհրդակցության ժամանակ։
«Որոշում ունեմ, որ այն ոլորտները, որոնք ժամանակին որպես քաղաքապետի առաջին տեղակալ համակարգել եմ, մնալու են իմ կուռացիայի տակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ բազում փոփոխություններ է իրականացվել այդ ոլորտներում, կարծում եմ, որ այդ փոփոխություններն ինձանից լավ ոչ մեկը չի կարող իրականացնել»,- ասաց նա:
Մասնավորապես նա կհամակարգի «Երքաղլույս», «Փարքինգ սիթի», «Ավտոբուս», «Երևան տրանս» ՓԲԸ-ների, «Ջրային կառույցներ» ՍՊԸ-ի, «Ծրագրերի իրականացման բյուրո» ՓԲԸ-ի, «Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի ոլորտները։ Նա նաև կզբաղվի նոր աղբավայրի կառուցման և մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի հարցերով։
Քաղաքապետարանի Մարդկային ռեսուրսների կառավարման վաչությունը նույնպես իր ենթակայության տակ է լինելու:
Հրաչյա Սարգսյանը պարզաբանեց, որ 2019թ․-ին «Փարքինգ սիթի» ՓԲԸ-ում անցկացված գույքագրման արդյունքում անհամապատասխանություններ են հայտնաբերվել։ Անցկացված աշխատանքների արդյունքում Երևանի բյուջեն մոտ 800 միլիոն դրամ է ստացել։
Քաղաքապետն անդրադարձավ նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում սահմանափակ գրաֆիկով ջրամատակարարման խնդրին: «Վեոլա ջուր» ընկերության ներկայացուցիչը հայտնեց, որ աշխատանքներ են տարվում ավելի երկար ժամանակով ջրամատակարարման ռեժիմ ապահովելու համար, բայց չկարողացավ ասել, թե կկարողանան 2022 թ-ին ապահովել շուրջօրյա ջրամատակարարում:
Խորհրդակցության ժամանակ քաղաքապետին զեկուցվեց, որ նախորդ շաբաթ Երևանում ծնված երեխաների թիվը 326 է եղել՝ 174 տղա և 182 աղջիկ:
Սարգսյանի որոշմամբ Երևանի քաղաքապետի խորհրդական Մերի Մարգարյանը նշանակվել է քաղաքապետարանի կադրային քաղաքականության համակարգող։




























