Քեթի գյուղը Շիրակի մարզի այն համայնքներից է, որոնք ոռոգման ջրի խնդիր ունեն: Գյուղացիների հիմնական մասը նախորդ տարիների փորձն աչքի առաջ ունենալով, այս տարի հողագործություն չի իրականացրել, իսկ նրանք, ովքեր վարուցանք կատարել են, ներկայումս լուրջ խնդրի առաջ են կանգնել:
«Բացի այն, որ ջուրը շատ թանկ է, նաեւ այդ թանկ ջուրը չկա, որ օգտագործենք: ՀՀ գյուղատնտեսության նախարարն Ազատանում խոստանում էր, որ առաջին ջուրն անվճար կլինի, բայց մեզ խաբեցին»,-NEWS am-ի թղթակցի հետ զրույցում դժգոհել են Շիրակի մարզի Քեթի համայնքի գյուղատնտեսները:
Բայց Քեթիի գյուղապետարանում առավել կարեւոր խնդիր համարում են անօթեւանությունը: Գյուղում շատ ընտանիքներ ապրում են վագոն-տնակներում, մի մասն էլ վթարային տներում: 14 ընտանիքներ այս տարի պաշտոնապես ճանաչվել են անօթեւան, սակայն գյուղում մշտական բնակության խնդիր ներկայումս ունեն 2 տասնյակից ավելի ընտանիքներ, իսկ պետական բնակարանաշինության ծրագիր առայժմ չկա գյուղում:
Հիշեցնենք, որ երկրաշարժից հետո անօթեւանության խնդիր ունեն Շիրակի մարզի թվով 9 գյուղեր: Այս տարի գյուղական համայնքներից բնակարանաշինություն մեկնարկել է միայն Ախուրյան համայքում:



























