ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են՝ 2021թ. հունիսի 19-ին Երևան-Գյումրի-Բավրա Մ-1 ճանապարհի 42-րդ կմ հատվածում տեղի ունեցած ավտոպատահարի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախաքննությամբ պարզվել է, որ ավտոճանապարհի հիշյալ հատվածում իրականացվող ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում պատասխանատու անձանց կողմից չեն ապահովվել անվտանգ երթևեկության կանոնները, ճանապարհը չի կահավորվել երթևեկության անվտանգությունն ապահովվող նշաններով, ինչի արդյունքում «Զիլ» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաները բախվել են միմյանց և վերջինիս վարորդի ու նրա ուղևորի առողջությանը պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս։

Հավելենք, որ 2022թ․ հունվարի 25-ին ՀՀ քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է նոր քրեական գործ և որոշում է  կայացվել՝  հարուցված  քրեական  գործերը մեկ վարույթում միացնելու մասին:

Նախաքննությունը  շարունակվում է։