Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի, այսօր՝ փետրվարի 2-ին, ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան սպա Սայաթ Շիրինյանի գործով դատական նիստը հետաձգվեց։
Դատական նիստը նշանակվել է մարտի 3-ին՝ ժամը 14։00-ին։
Հաջորդ նիստին կհարցաքննվեն գործով վկաները։
Լրագրողների հետ զրույցում Շիրինյանի պաշտպան Բենիկ Գալստյանը նշեց, որ մեղադրանքի հիմքում մեկ անձի ցուցմունքն է, որը ոստիկանության բաժնի պետ է. «Մնացած անձինք, որոշակի ակտիվություն են ունեցել ֆեյսբուքյան դաշտում, այսինքն՝ մեկնաբանություններ են արել։ Նրանք մեղադրական բնույթի որեւէ ցուցմունք չեն տվել»։
Շիրինյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 226.2-րդ հոդվածի 1-ին մասով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:





























