Այս պահի դրությամբ, անտառային տարածքների հրդեհի լուրջ դեպքեր դեռ չեն գրանցվել. երկու դեպք գրանցվել է Երեւանում, մեկ դեպք` Գյումրիում: Այս մասին այսօր` հուլիսի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը:

Նրա ներկայացրած տվյալների համաձայն` նախորդ տարի 810 հա անտառային տարածք է հրդեհվել, ամենամեծ հրդեհները եղել են Գուգարքի եւ Տաշիրի անտառտնտեսության տարածքում: «Գյուղացիները վառում են արոտավայրերը, դա մտնում է անտառ»,- ասաց Ռուբեն Պետրոսյանը:

10 տարվա կտրվածքով, Հայաստանում այրվել է 2000 հա անտառային տարածք: Ռուբեն Պետրոսյանը բերեց մի շարք երկրների տվյալներ, օրինակ` Պորտուգալիայում 10 տարվա ընթացքում վառվել է մոտ 1,5մլն հա տարածք, Իտալիայում` մոտ 700 հազար հա, Իսպանիայում` մոտ 1մլն հա եւ հավելեց. «Նրանք ունեն տեխնիկա, ամեն ինչ, մենք չունենք ոչ մի բան, բայց այդքանը պահել ենք, կարող էր ավելի շատ այրվել»:

Նա նշեց, որ հրդեհները հանգցնելու համար որեւէ լուրջ տեխնիկա չունեն, դրանք հանգեցնում են փայտերով: Հրդեհների դեպքում արագ ահազանգման համար բոլոր անտառտնտեսություններում հերթապահություն է սահմանված: