Շախմատի աշխարհի թիմային առաջնության 4-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականը 6 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Այսօր, հուլիսի 20-ին հայ գրոսմայստերները 3,5:0,5 հաշվով հաղթեցին Եգիպտոսի թիմին: Միակ ոչ ոքին արեց Գաբրիել Սարգսյանը: Լեւոն Արոնյանին տրվել էր հանգստանալու հնարավորություն: Առաջին խաղատախտակին Սերգեյ Մովսիսյանը հաղթանակ տարավ: Հաղթական միավորներ վաստակեցին նաեւ Վլադիմիր Հակոբյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը:

4-րդ տուրում խոշոր հաշվով պարտություն կրեց Ռուսաստանի հավաքականը, որի մրցակիցն Ադրբեջանն էր: Գաշիմովն ու Գուսեյնովը լիովին օգտագործեցին սպիտակ խաղաքարի առավելությունը եւ հաղթանակ տարան, իսկ Ռաջաբովն ու Մամեդյարովը ոչ ոքի խաղացին: Ադրբեջանը, Ռուսաստանը, Չինաստանը եւ Հունգարիան ունեն հնգական միավոր: 

Չինաստանը հաղթեց ամերիկացիներին, Հունգարիան` Ուկրաինային: Իսրայել - Հնդկաստան մրցամարտը շարունակվում է: Իսրայելցիները հաղթանակի դեպքում նույնպես կվաստակեն 6 միավոր եւ կբարձրանան երկրորդ տեղ: