«Ներկայիս աշխարհաքաղաքական դինամիկ վտանգավոր զարգացումների պայմաններում մեր պետությունը չի կարող դիմակայել առանց ռազմավարական գործընկերների և հարևան պետությունների հետ հստակ կանոնակարգված հարաբերություններ ձեռք բերելու: Այս մասին, այսօր՝ փետրվարի 8-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

«Ակնհայտ է, որ դարեր շարունակ կայսերական նկրտումներ ունեցած պետության գենետիկ հիշողությունը ժամանակ առ ժամանակ հարմար միջավայր ստեղծվելուն պես գլուխ է բարձրացնում, սակայն մեզ համար կարևոր է նման դեպքերում արժանի դիմադրություն կազմակերպելը»,-ասաց նա:

Անդրանիկ Քոչարյանը հավելեց, որ 44-օրյա պատերազմը պատճառել է անդառնալի մարդկային կորուստներ, որոնց ցավը բոլորին է պատկանում, սակայն նաև տվել է հնարավորություն՝ ապրելու, ստեղծելու, արարելու, վերաարժևորելու կյանքն ու ժամանակը:

«Այժմ մեր խնդիրն է Կովկասի տարածաշրջանի հիմնական խաղացողների քայլերը հասկանալ, դրանք վերլուծել, լինելով իրատես՝ զերծ մնալ կործանարար մեծամտությունից, ավելորդ հուզականությունից և այս պահին, թերևս, անհիմն ինքնավստահությունից: Տևական խաղաղության հասնելու համար անխուսափելի է հարևանների հետ կոմունիկացիոն գործընթացի սկսումը, որքան էլ պարտված լինելու հանգամանքը մեզ համար խոչընդոտներ է ստեղծելու»,-ասաց ՔՊ-ական պատգամավորը:

«Անցյալի կատարվածից դասեր քաղելով, մենք կփորձենք սկիզբ դնել տեղական մրցունակ սպառազինության արտադրությանը, այն կբացի նոր հեռանկարներ: Այս պահին պետք է երկիրը զերծ պահել ներքին ցնցումներից ու բզկտումներից՝ շեշտը դնելով արտաքին հավասարակշռված հարաբերությունների ձեւավորման եւ կայունության ամրապնդման վրա:

Երկարատև խաղաղության հաստատման և պետության անվտանգության լիակատար ապահովման համար մեզ պետք է միասնականություն, սառը բանականություն և խոհեմություն ցուցաբերել՝ չմոռանալով անցյալը. սա է առաջ շարժվելու և նշանակալի հաջողություններ գրանցելու ամենաարդյունավետ ճանապարհը», - հայտարարեց Անդրանիկ Քոչարյանը: