Սիրելի հայրենակիցնե՛ր, Հայաստանում էլեկտրաէներգիայի միջին կշռված սակագինը 2022 թ. փետրվարի 1-ից ավելացել է 4.7 դրամով, սա այն դեպքում, երբ վարչապետ դառնալու նախաշեմին Փաշինյանը հայտարարում էր, որ հոսանքի գները մեզ մոտ պետք է առնվազն 20%-ով իջնեն: Այս մասին, այսօր՝ փետրվարի 8-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան»  խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը:

Նա հիշեցրեց, որ 2015 թվականի ամռանը ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը դուրս էր եկել փողոց՝ բողոքելով էլեկտրաէներգիայի թանկացման դեմ. «Ամեն մեկն իր դերակատարումն ուներ, մեկը ջրվող էր աշխատում, մյուսը գոռացող, երրորդը կենդանի պատ կոչվածում էր հայտնվել, որպեսզի հերոսաբար տարանջատի ցուցարարներին ոստիկաններից, ամեն մեկն իր դերը խաղաց ու բոլորով գնացին տուն:

Հիմա հոսանքը եւ ոչ միայն հոսանքը թանկացել են, բայց 2015-ին իրենց պատառոտող ու բողոքող աղջիկներն ու տղաները չկան, նրանք չեն բողոքում և չեն հայհոյում թանկացնողներին, քանզի իրենք են դարձել թանկացնող իշխանավոր:

Թալանից, կոռուպցիայից, լափամանից խոսողներն իրենք են մխրճվել թալանի, կոռուպցիայի, լափամանի մեջ՝ պետական բյուջեի միջոցներով պադավատապետություն և թայֆայապետություն կառուցելով»,- հայտարարեց Արեգնազ Մանուկյանը:

Նրա խոսքով, երեկվա բողոքողները, փաստորեն բողոքում էին ոչ թե անարդարությունների, թանկացումների դեմ, այլ դժգոհ էին, որ իրենք չէին թալանողները, անարդարության կառավարիչները, թանկացումներից օգտվողները:

Պատգամավորի խոսքով՝ ներկա կառավարիչներն իշխանության եկան գյուղացուն և աշխատավորին սիրաշահելով, բայց հետո էլ ասացին, որ աղքատությունը գյուղացու և աշխատավորի գլխում է, որ գյուղացին ու աշխատավորը ձրիակեր են, որ պետությունն իրենց տալու բան չունի, թող գնան իրենց գլուխն ինչպես ուզում են, այնպես էլ պահեն:

Արեգնազ Մանուկյանը տեղեկացրեց, որ հողը մշակելու ժամանակահատվածում պարարտանյութի գինը եռակի ավելացել է՝ գյուղացուն դնելով անելանելի վիճակում և նկատեց, որ նախկին 7 հազարի դիմաց այսօրվա 20 հազար դրամանոց սելիտրան էլ նրանք դժվարությամբ են գտնում, ինչը խոսում է ապագա թանկացումների մասին:

«Սեփական խոսքին զրոյական արժեք տվող կատակասեր և ինչպես հետո պարզվեց՝ ստրկացված էկոնոմիկայի նախարարի պայմաններում չի կարող դրական ակնկալիք լինել, առավել ևս դրական ակնկալիք չի կարող լինել մեր երկիրը պարտության տարած և հիմա թուրքերի բոլոր նախապայմանները բավարարող Նիկոլ Փաշինյանի իշխանության պայմաններում»,- հայտարարեց պատգամավորը:

Դիմելով ժողովրդին՝ Մանուկյանն ասաց, որ եթե կյանքի որակի դրական փոփոխություն է ցանկանում, ապա պետք է հեռացնեն այս իշխանություններին:

«Կլինի իշխանության հեռացում՝ կունենանք զարգանալու շանս, չի լինի՝ ստիպված կլինենք սպասարկել, թուրք-ադրբեջանական շահերը, կարծում եմ՝ մեր անելիքն ակնհայտ է, ընտրությունը մեծ չէ՝ կամ-կամ»,- իր խոսքն ավարտեց Արեգնազ Մանուկյանը: