Հանրային հեռուստառադիոխորհրդի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը չի մտածել Լոռիի մարզպետ դառնալու մասին եւ դրա վերաբերյալ նրան որեւէ առաջարկ չի արվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ինքը` Վահրամ Բաղդասարյանը: Իսկ թե որքանո՞վ է հնարավոր, որ առաջարկի դեպքում համաձայնի մարզպետ դառնլ, նա պատասխանեց, որ այդ ուղղությամբ չի մտածել: «Եթե մտածեմ, առաջինը ձեզ կասեմ»,- խոստացավ նա:

Այս առնչությամբ, վարչապետի օգնական Արամ Անանյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ  մարզպետները նշանակվում են Կառավարության որոշմամբ, եւ այդ մասին հանրությունը ժամանակին եւ պատշաճորեն տեղեկացվում է:

Նշենք, որ Լոռիի մարզպետ Արամ Քոչարյանը հրաժարական է տվել առողջական խնդիրներ ունենալու պատճառով: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում  Քոչարյանը մարզպետի հավանական թեկնածուների մասին  չի ցանկացել ոչինչ ասել:

«Կարող է պատահի, ես արձակուրդից վերադառնում եմ առողջացած եւ Կառավարությունն ինձ ասում է` Դուք առողջ եք արդեն, միգուցե փոխեք ձեր միտքը»,- ասել է  նա: Իսկ մամուլում Լոռիի մարզպետի հավանական թեկնածուների շարքում շրջանառվում է ՀՀԿ-ական նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանի, Հանրային հեռուստառադիոխորհրդի անդամ Վահրամ Բաղդասարյանի եւ ոստիկանության Լոռիի մարզային վարչության պետ Անուբախ Համբարյանի անունները:

Հիշեցնենք, որ կառավարությունը հուլիսի 14-ին հավանություն է տվել Լոռիի մարզպետ Արամ Քոչարյանին պաշտոնից ազատելու առաջարկին: Մարզպետի պաշտոնանկությունը ուժի մեջ է մտնում 2011 թ. օգոստոսի 12-ից` նրա արձակուրդից վերադառնալուց հետո: