Դրսից ներմուծված գնաճը դոլարային արտահայտությամբ Հայաստանում 7.2 տոկոս է կազմել։ Այս մասին մարտի 3-ին Ազգային ժողովի նիստին Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության հարցի քննարկման ժամանակ, պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի` գնաճի վերաբերյալ հարցին, հայտարարեց թափուր պաշտոնի թեկնածու, Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս Լեւոն Սահակյանը։
Պատգամավորը, մասնավորապես, դժգոհեց ռեկորդային թանկացումներից: Թեկնածուի խոսքով՝ իր կողմից ավելի վաղ ներկայացված թիվը շատ բանի մասին է խոսում. «Ներքին բաղադրիչը զիջում է տրանսլյացիոն էֆեկտին։ Կարծում եմ՝ պետք է զուգահեռներ անցկացնել գործընկեր երկրների հետ։ Այսինքն՝ այն երկրների հետ, որոնք մեզ հետ նույն տարածաշրջանում են, այլ ոչ թե Եվրոպայի երկրների հետ։ Այդպես, գործընկեր երկրների համեմատ գնաճի ցուցանիշներով մենք ավելի շահեկան վիճակում ենք։ Որպես օրինակ կարելի է նշել Ռուսաստանը կամ այլ երկրներ»,- ասաց Սահակյանը։




























