Վարկային հաստատությունները գտնվում են Կենտրոնական բանկի վերահսկողության ներքո: Այս մասին մարտի 3-ին Ազգային ժողովի նիստին Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության հարցի քննարկման ժամանակ, պատասխանելով «Հայաստան» խմբակցության  պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հարցին, հայտարարեց թափուր պաշտոնի թեկնածու, Երեւանի պետական ​​տնտեսագիտական ​​համալսարանի դասախոս Լեւոն Սահակյանը։

Թեկնածուի խոսքով՝ ավանդական բանկինգը շուտով պետք է իր տեղը զիջի առցանց բանկինգին։ «Այս տեսանկյունից, կարծում եմ, սխալ կլինի Հայաստանին հետ պահել ֆինանսական տեխնոլոգիաների խթանումից կամ դրանց ներդրումից։ Դա սխալ մոտեցում է։ Սակայն այս հարցը կարող է բոլորովին այլ հարթության մեջ հայտնվել, հատկապես՝ հաշվի առնելով այն, որ այդ տեխնոլոգիաները կարող են խարդախության հետ կապված որոշակի ռիսկեր պարունակել։ Կենտրոնական բանկն իրականացնում է սպառողների շահերի պաշտպանության իր բոլոր վերահսկողական գործառույթները»,- պարզաբանեց Սահակյանը։

Այնուամենայնիվ, ինչպես նշեց թեկնածուն, բոլորը պետք է քաջ գիտակցեն, որ նման ծառայություններից իսպառ հրաժարվել հնարավոր չէ, եւ դա սխալ կլինի։

Նրա կարծիքով՝ շատ կարեւոր է աշխատել բնակչության ֆինանսական գրագիտության բարձրացման ուղղությամբ։ Սա հենց այն գործիքն է, որն առավել արդյունավետ կերպով կպաշտպանի սպառողներին: