Ինֆլյացիոն սպասումների աճը, որը ռուսական նավթի նկատմամբ հնարավոր պատժամիջոցների հետեւանք է, հանգեցրել է նրան, որ երկուշաբթի օրը եվրոգոտու պետական պարտատոմսերի իրական եկամտաբերությունը հասել է ռեկորդային ցածր մակարդակի՝ եվրոպական տնտեսության համար ստագֆլյացիոն ցնցումների աճող մտավախությունների պայմաններում, հայտնում է Reuters-ը:

Brent նավթի գներն աճել են մինչեւ 2008-ից ի վեր ամենաբարձր մակարդակ այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները եւ եվրոպական դաշնակիցները քննարկեցին ռուսական նավթի ներկրման արգելքի եւ համաշխարհային շուկաներ իրանական նավթի հնարավոր վերադարձի հետաձգման հնարավորությունը:

«Շուկաները գնահատում են էներգակիրների գներով պայմանավորված ինֆլյացիայի կտրուկ աճի ռիսկերը՝ տնտեսական աճի վրա բացասական ազդեցության հետ միասին։ Նրանք հիմնականում ստագֆլյացիայի ռիսկեր են տեսնում»,- ասել է MFS Investment Management-ի ֆիքսված եկամուտների վերլուծաբան Աննալիզա Պյացան:

Գերմանական 10-ամյա եւ 30-ամյա պետական պարտատոմսերի եկամտաբերությունն ընկել է համապատասխանաբար 16 եւ 16,5 բազիսային կետով՝ հասնելով -2,513 տոկոս եւ -2,402 տոկոս ռեկորդային ցածր մակարդակի, մինչդեռ ինֆլյացիոն սպասումներն աճել են:

Եվրոգոտու երկարաժամկետ ինֆլյացիոն սպասումների հիմնական շուկայական ցուցանիշը բարձրացել է մինչեւ 2014-ի հունվարից ի վեր ամենաբարձր մակարդակ եւ կազմել է 2,309 տոկոս:

Միեւնույն ժամանակ, գերմանական 10-ամյա պարտատոմսերի անվանական եկամտաբերությունը փոքր-ինչ վերականգնվել է նախորդ շաբաթվա կտրուկ անկումից հետո, երբ գրանցեց ամենամեծ անկումը 2011-ի նոյեմբերից ի վեր, քանի որ շուկաները կրճատեցին դրամավարկային խստացման դրույքները՝ Ուկրաինայում պատերազմի հետ կապված մտավախությունների պատճառով:

Այլ երկրներում միջբանկային Euribor պարտատոմսերի եռամսյա տոկոսադրույքը բարձրացել է մինչեւ 2020-ի սեպտեմբերից ի վեր ամենաբարձր մակարդակ եւ կազմել է -0,498 տոկոս, ինչը վկայում է ֆոնդավորման արժեքի աճի մասին:

Վերլուծաբանները միանշանակ չեն վերաբերվում այն հարցին, թե ինչպես կենտրոնական բանկը կարձագանքի հակամարտության հնարավոր տնտեսական հետեւանքներին:

Եվրոգոտու դրամական շուկաները ներկայումս տոկոսադրույքների բարձրացումը մինչեւ տարեվերջ 25 բազիսային կետից պակաս են գնահատում:

«Մենք ակնկալում ենք, որ [ԵԿԲ նախագահ Քրիստին] Լագարդը որեւէ պարտավորություն չի ստանձնի ԵԿԲ նիստում»,- հավելել է Պյացան: «Մենք պարզապես տեսնում ենք անկայունության հնարավոր աճ, եթե այն չբացառի տոկոսադրույքի բարձրացումը մինչեւ տարեվերջ»:

Գերմանական երկամյա պետական պարտատոմսերի եկամտաբերությունն ընկել է 55 բազիսային կետով՝ հասնելով ռեկորդային ցածր մակարդակի՝ -5,64 տոկոսի։ Deutsche Bank-ի տնտեսագետներն «ակնկալում են, որ ուկրաինական ճգնաժամը թույլ չի տա (եվրոպական) կենտրոնական բանկին այս փուլում հայտարարել ակտիվների գնման ծրագրի (APP) կրճատման մասին»:

Իտալիայի 10-ամյա պետական պարտատոմսերի եկամտաբերությունն աճել է 4,5 բազիսային կետով՝ մինչեւ 1,567 տոկոս, մինչդեռ իտալա-գերմանական պարտատոմսերի եկամտաբերությունն ընդլայնվել է մինչեւ 163 բազիսային կետ։

Այս շաբաթվա ԵԿԲ նիստը «եվրոյի դյուրացիայի ռիսկ է ներկայացնում՝ կարճաժամկետ հեռանկարի համար»,- ասում են Citi-ի վերլուծաբանները:

Դյուրացիան չափում է պարտատոմսի կամ այլ պարտքային գործիքի գնի զգայունությունը տոկոսադրույքների փոփոխության նկատմամբ: