ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության Տնտեսական խորհրդի 93-րդ նիստին, որի ընթացքում քննարկվել են համագործակցության առաջնահերթ ուղղությունները՝ ԱՊՀ անդամ երկրների ազգային տնտեսությունները զարգացնելու նպատակով։ Այս մասին ուրբաթ օրը հայտնել է կառավարության մամուլի ծառայությունը։
«Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ծառայությունների ազատ առեւտրի, Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների գործունեության եւ ներդրումների իրականացման մասին համաձայնագրի նախագծին։ Համաձայնագրի դրույթների իրականացումն ուղղված է ազատ առեւտրի գոտու զարգացմանը եւ ԱՊՀ անդամ պետությունների ազգային տնտեսությունների աճին»,- նշում է նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը։
Նիստի մասնակիցները քննարկել են մինչեւ 2030 թվականն ընկած ժամանակահատվածում ԱՊՀ անդամ պետությունների տեղեկատվական անվտանգության ապահովման ռազմավարության իրականացման առաջնահերթ միջոցառումների պլանի նախագիծը։ Փաստաթուղթը սահմանում է միջոցառումների շարք, որոնք ուղղված են տեղեկատվական անվտանգության կարգավորման համաձայնեցված մոտեցումների գործնական իրականացմանը։ Բացի այդ, պլանի դրույթների իրականացումն ուղղված է տեղեկատվական անվտանգության ապահովման պետական քաղաքականության հստակեցման եւ կատարելագործման համակարգված հիմքերի, ինչպես նաեւ այն ապահովող միջոցառումների մշակման պայմանների ստեղծմանը:
Նիստում հաստատվել է նաեւ ԱՊՀ անդամ պետությունների ընդհանուր գիտատեխնիկական տարածքի ստեղծման մասին 1995 թվականի նոյեմբերի 3-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության նախագիծը։ Կողմերը լսել են 2020-2021 թվականներին տիեզերքի միջպետական խորհրդի գործունեության հաշվետվությունը, հաստատել են մինչեւ 2030 թվականն ընկած ժամանակահատվածում ԱՊՀ անդամ երկրների քիմիական մեքենաշինության զարգացման միջոցառումների փաթեթը եւ դիտարկել են 2017-2021թթ. անտառաարդյունաբերության եւ անտառային տնտեսության միջկառավարական խորհրդի գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը։




























