«Վերին Լարս» անցակետ տանող ճանապարհի փակվելը ֆինանսական լուրջ վնաս է հասցնում մեզ՝ բանջարեղենով ու մրգերով բեռնված ավտոմեքենաները պարապուրդի են մատնված ճանապարհին՝ անընդհատ միացված սառնարաններով, որոնք օրական 60 լիտր դիզվառելիք են սպառում։ Այս մասին մարտի 25-ին կայացած քննարկման ժամանակ ասաց բեռնափոխադրող ընկերության տնօրեն Վարուժան Կոլյանը։

«Այդ գումարը ոչ ոք չի փոխհատուցում տնտեսվարող սուբյեկտներին, բոլոր ծախսերը ընկերության վրա են։ Ավելի մեծ վնասներից խուսափելու համար ժամկետանց որոշ բեռներ վերադարձվում են Հայաստան։

«Վերին Լարս» անցակետն արդեն մեկ ամիս է, ինչ փակ է, եւ ոչ մի պետական ​​մարմին չի հետաքրքրվել մեր խնդիրներով։

Դոնի Ռոստովում հյուպատոսությունն ինչ-որ չափով աջակցել է վարորդներին սնունդ եւ ջուր մատակարարելու հարցում, սակայն Վրաստանում Հայաստանի դեսպանությունը բոլորովին անտեսում է իր քաղաքացիների խնդիրները եւ ոչ մի կերպ չի արձագանքում բողոքներին։

Ինչ վերաբերում է փչացող ապրանքների հերթում առկա առավելություններին, ապա ռուսական կողմում նման բան չկա՝ ի տարբերություն վրացական կողմի, որտեղ դա հաշվի է առնվում»,- հավելեց Կոլյանը։

Մեկ այլ բեռնափոխադրող ընկերության մամուլի խոսնակ Մարսել Այվազյանը խոսեց այլ խնդրի մասին:

«Իրավիճակում, երբ դիզվառելիքը վերջանում է, օսական կամ վրացական կողմերը թույլ չեն տալիս վարորդներին իրենց ավտոմեքենաները հերթից հանել, լիցքավորել եւ հետո նորից վերադառնալ նույն տեղը։ Փոխարենը վճարովի ծառայություններ են առաջարկում ավտոմեքենան տեղում լիցքավորելու համար»,- ասաց Այվազյանը։

Նա հայտնեց, որ վարորդների սննդամթերքը սպառվում է, ընկերություններն ապավինում են դեսպանատան միջամտությանը, հոգալ կազմակերպության ծախսերը։

Հայաստանի տրանսպորտային առաքողների ասոցիացիայի ղեկավար Եղիշե Հովհաննիսյանը հիշեցրեց, որ ռազմա-վրացական մայրուղին կառուցվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո եւ չի համապատասխանում ներկայիս պահանջներին, այդ թվում՝ անցողունակության տեսանկյունից առումով։

«Եթե Հայաստանի իշխանությունները զբաղվեին խնդրով, ապա այսպիսի վիճակը չէր լինի։ Չկա պատասխանատու պետական ​​օղակ, ամբողջ պատասխանատվությունը կրում է փոխադրողը։

Լոգիստիկ ծախսերը մոտ 70 տոկոս են կազմում, ուստի անհնար է ապագա ունենալ առանց կառույցի, որն այդ ծախսերի կրճատմամբ կզբաղվի։

Մենք առաջարկել ենք «կանաչ գոտի» ստեղծել հայկական ավտոմեքենաների համար՝ հաշվի առնելով, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է։ Դա կարագացնի ստուգման գործընթացը: Բացի այդ, մենք առաջարկել ենք, որպեսզի բարդ հատվածները սպասարկվեն մասնավոր օպերատորների կողմից: Բոլոր առաջարկներն առայժմ անպատասխան են»,- ասաց Հովհաննիսյանը։