Արդեն երկրորդ տարին է, ինչ Հայաստանում եւս, ի թիվս այլ երկրների, հուլիսի 28-ին կնշեն PR-ի եւ PR մասնագետների օրը: «PR-ի Զարգացման Հայկական Կենտրոնը» այդ առթիվ հուլիսի 28-ին կազմակերպել է «աPRես» PR մրցանակաբաշխությունը, որի ընթացքում մոտ 15 տարբեր անվանակարգերում շնորհակալագրեր եւ մրցանակներ են հանձնվելու դրական հասարակական կարծիքի ձեւավորման գործում ավանդ ունեցող տարբեր անհատների եւ կազմակերպությունների:
Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «PR-ի Զարգացման Հայկական Կենտրոնի» տնօրեն Հայկ Կիրակոսյանը:
Նա նշեց, որ միջոցառմանը հրավիրված են մի շարք առաջատար ընկերություններ, հասարակական-քաղաքական գործիչներ, մտավորականներ, գործարարներ, լրագրողներ եւ PR-ով հետաքրքրված այլ անձիք: Իսկ մրցանակակիրներին որոշել է հանձնաժողովը, որը բաղկացած է 10 գործող PR մասնագետներից:
Նշենք, որ «PR-ի Զարգացման Հայկական Կենտրոն» ՀԿ-ն արդեն 4 տարի է, ինչ գործում է: Նրա հիմնական խնդիրը կադրերի պատրաստումն է տարբեր թրեյնինգների, սեմինարների միջոցով, ինչպես նաեւ փորձում են նպաստել PR-ի զարգացմանը Հայաստանում, միջոցառումներ են կազմակերպում այդ ուղղությամբ:
Մեզ հետ զրույցում Հայկ Կիրակոսյանը նշեց, որ Հայաստանում PR-ը կայացման փուլում է, քանի որ մենք երիտասարդ պետություն ենք: «Սա աճող գիտություն է, որոշ եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում եւս, այն կայացման փուլում է»,- նշեց նա: Հայաստանում PR-ով զբաղվող մոտ 5-6 կազմակերպություն կա, իսկ ոլորտում հայտնի մասնագետների թիվը 10-15 է, որի մեջ չեն մտնում պետական եւ ֆինանսական կառույցների հասարակայնության հետ կապերի աշխատակիցները, քանի որ նրանք հաստիքային աշխատող են եւ զբաղվում են կոնկրետ ընկերության կոնկրետ PR-ով:
Հայկ Կիրակոսյանի խոսքով` PR-ը ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհում, ամենաբարձր վարձատրվող մասնագիտություններից է, եւ Հայաստանում այդ մասնագետները «սոված չեն մնա»: «Հայաստանում PR-ի դաշտը բաց է ու լուրջ հեռանկարներ է խոստանում»,- նշեց նա: Հարցին, թե արդյոք Հայաստանում կա՞ որեւէ գործիչ, որի PR-ը ճիշտ է կազմակերպված, նա բացասական պատասխան տվեց:
«Հայաստանում օրինակելի քաղաքական իմիջի օրինակ չունեմ, որովհետեւ ասել, թե մենք ունենք Պուտինի իմիջի պես իմիջ մեր քաղաքական ղեկավարների մեջ, ճիշտ չի լինի, բայց փոխարենը ունենք գործիչներ, որոնք նրբորեն են հարցին մոտենում եւ պատրաստ են ոչ միայն գումար, այլեւ ժամանակ տրամադրել, որպեսզի կարողանան ճիշտ խոսել, ճիշտ սանրվել, ճիշտ հարց տալ, լրագրողին ճիշտ պատասխանել»:
Ի դեպ, ավելի վաղ NEWS.am-ն անդրադարձել էր մեր քաղաքական գործիչների իմիջին (image maker-ի ինստիտուտը PR-ի կարեւորագույն տարերից է):
Նշենք, որ PR-ը (Public relations-հանրային կապեր) գիտություն է, որն ուսումնասիրում է մարդու համբավն ու դրան նպաստող գործոնները` նպատակ ունենալով ձեռք բերել ըմբռնում եւ աջակցություն, ազդում է մարդկանց կարծիքի եւ ըմբռնումների վրա:




























