ՆԱՍԱ-ի ղեկավար սենատոր Նելսոնը, Եվրոպական տիեզերական գործակալության ղեկավար Յոզեֆ Աշբախերը եւ Կանադայի տիեզերական գործակալության ղեկավար Լիզա Քեմփբելը պատասխանել են ռուսական հրթիռատիեզերական մի շարք ձեռնարկությունների դեմ պատժամիջոցները չեղարկելու պահանջով դիմումին, իր Telegram ալիքում գրել է «Ռոսկոսմոս»-ի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը:
«Ամերիկյան եւ կանադական պատասխանները գրեթե նույնն են: Բիլ Նելսոնի նամակում, մասնավորապես, ասվում է, որ «ՆԱՍԱ-ն կշարունակի համագործակցել համապատասխան դաշնային եւ ԱՄՆ գործակալությունների հետ՝ հետագա համագործակցությունը ՄՏԿ-ի եւ դրա շահագործման շրջանակներում: Ինչ վերաբերում է Եվրոպական տիեզերական գործակալության պատասխանին, Յոզեֆ Աշբախերը որպես փոստատար է հանդես եկել՝ հաստատելով, որ ինքը նման հարցեր չի լուծում, ուստի իմ դիմումը վերահասցեագրել է ԵՄ անդամ երկրներին։ Այսինքն՝ մեզ առաջարկում են սպասել, մինչ ԵՄ բոլոր 28 երկրների բյուրոկրատական մարմինները կբարեհաճեն կարդալ «Ռոսկոսմոս»-ի նամակը։ Մինչ այդ կամ էշը կսատկի, կամ ՄՏԿ-ն կմեռնի իր մահով։ Այնուամենայնիվ, մեր գործընկերների դիրքորոշումը հստակ է՝ պատժամիջոցները չեն հանվի։ Ընդ որում, վախենալով համագործակցության կործանումից ՄՏկ-ում, որտեղ Ռուսաստանի դերը սկզբունքորեն կարեւոր է կայանի կենսունակության եւ անվտանգության ապահովման համար, արեւմտյան գործընկերները հասկացնում են, որ իրականում պատժամիջոցները ՄՏԿ-ի շահերից աշխատանքների մասով չեն աշխատի:
Այս վիճակն անընդունելի եմ համարում։ Միացյալ Նահանգների, Կանադայի, Եվրամիության եւ Ճապոնիայի պատժամիջոցներն ուղղված են մեր բարձր տեխնոլոգիական ձեռնարկությունների ֆինանսական, տնտեսական եւ արտադրական գործունեության արգելափակմանը։ Պատժամիջոցների նպատակը Ռուսաստանի տնտեսությունը սպանելն է, մեր ժողովրդին հուսահատության ու սովի մեջ գցելն ու մեր երկիրը ծնկի բերելն է։ Պարզ է, որ դա նրանց չի հաջողվի, բայց մտադրություններն ակնհայտ են։
Ուստի կարծում եմ, որ Միջազգային տիեզերակայանի եւ այլ համատեղ նախագծերի շրջանակներում նորմալ հարաբերությունների վերականգնումը գործընկերների միջեւ հնարավոր է միայն անօրինական պատժամիջոցների ամբողջական եւ անվերապահ վերացման դեպքում:
ՄՏԿ-ի շրջանակներում ԱՄՆ-ի, Կանադայի, Եվրամիության եւ Ճապոնիայի տիեզերական գերատեսչությունների հետ համագործակցության ավարտի ժամկետների վերաբերյալ «Ռոսկոսմոս»-ի կոնկրետ առաջարկների մասին մեր երկրի ղեկավարությանը կզեկուցվի մոտ ապագայում»,- նշել է Ռոգոզինն իր ուղերձում։




























