Ուկրաինայում ստեղծված իրավիճակի ֆոնին Գերմանիայի բոլոր դաշնային նահանգներն անորոշ ժամկետով կասեցնում են հանցագործների եւ այլ անձանց արտաքսումն Արեւելյան Եվրոպայի երկրներ։ Այս որոշումը կազդի ոչ միայն Ռուսաստանի եւ Ուկրաինայի, այլեւ Բելառուսի եւ Մոլդովայի վրա, շաբաթ օրը՝ ապրիլի 2-ին գրում է Welt am Sonntag շաբաթաթերթը՝ վկայակոչելով աղբյուրը Բավարիայի ներքին գործերի նախարարությունում:

Պարբերականի զրուցակցի խոսքով՝ արտաքսումները ներկայումս անհնար են օդային տարածքի փակման եւ ուղիղ օդային հաղորդակցության բացակայության պատճառով։ Արտաքսումների կասեցումը վերաբերում է նաեւ Լեհաստանին, Ռումինիային, Չեխիային եւ Սլովակիային, որոնք «ծանր բեռի տակ են ընկել Ուկրաինայից փախստականների հոսքի պատճառով», գրում է Deutsche Welle-ն։ https://www.dw.com/ru

Լեհաստանն ու Ռումինիան արդեն հայտարարել են, որ Ուկրաինայից փախստականների ընդունման հետ կապված գերծանրաբեռնվածության պատճառով անորոշ ժամկետով  հրաժարվում են ընդունել արտաքսվածներին Գերմանիայից։ Բացառություններ հնարավոր չեն, Welt am Sonntag շաբաթաթերթին ասել է աղբյուրը Բադեն-Վյուրտեմբերգ դաշնային նահանգի ՆԳՆ-ում։