Թուրքիայում տարեկան ինֆլյացիան 61,14 տոկոսի է հասել՝ հասնելով 20 տարվա առավելագույն նոր շեմին եւ շատ տնային տնտեսությունների համար խորացնելով կենսական ծախսերի ճգնաժամը, հայտնում է AP-ն։

Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը հայտնել է, որ մարտին նախորդ ամսվա համեմատ սպառողական գներն աճել են 5,46 տոկոսով։ Փետրվարին տարեկան ինֆլյացիան աճել է մինչեւ 54,44 տոկոս։

Ըստ տվյալների՝ տարեկան ամենաբարձր ինֆլյացիան գրանցվել է տրանսպորտի ոլորտում՝ 99,12 տոկոս, իսկ պարենային ապրանքների գների աճը կազմել է 70,33 տոկոս։ Սա ամենամեծ տարեկան աճն է 2002-ի մարտից։

Գների աճը COVID-19 համավարակի պատճառով սրված տնտեսական ճգնաժամի հետևանքն է։ Ուկրաինական ճգնաժամն իր հերթին հանգեցրել է գազի, նավթի եւ հացահատիկի գների կտրուկ աճի։

Թուրքիայում սրընթաց ինֆլյացիային նախորդել են նաեւ անցյալ տարեվերջին մի գանի անգամ տոկոսադրույքների կրճատումները, որոնք արվել են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդեգրած քաղաքականությանը համահունչ․ Էրդողանը դեմ է տնտեսական աճը, ներդրումները եւ արտահանումը խթանելու համար փոխառությունների բարձր ծախսերին։ Ի հեճուկս տնտեսագիտության մեջ ընդունված մտածողության՝ նախագահը պնդում է, որ բարձր տոկոսադրույքներն ինֆլյացիա են առաջացնում:

Կենտրոնական բանկը սեպտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5 տոկոսային կետով, սակայն այս տարի այն մնացել է անփոփոխ՝ 14 տոկոս:

Լիրան, որն անցյալ տարի ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 44 տոկոսով, դեկտեմբերին իջել է 18,41 ռեկորդային մակարդակի։ Արժույթի այս վարքագիծը ներմուծումից կախված Թուրքիայի տնտեսությունում նպաստել է ինֆլյացիայի աճին։

Տնային տնտեսություններին հասցված հարվածը մեղմելու նպատակով կառավարությունը նվազեցրել է առաջին անհրաժեշտության ապրանքներից գանձվող հարկերը եւ փոփոխել էլեկտրաէներգիայի սակագները: