Երեկ հոկտեմբերի 20-ին Երուսաղեմում բացվել է նախագահական խորհրդաժողովը, որի մասնակիցների թվում են Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը, վարչապետ Բենյամին Նաթանյահուն, ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Խավիեր Սոլանան եւ այլ քաղաքական գործիչներ տարբեր երկրներից:

Խորհրդաժողովը բացել է Շիմոն Պերեսը, ով իր ելույթում նշել է, որ Իսրայելը համաձայնել է պաղեստինա-իսրայելական հակամարտությունը լուծել «երկու պետություն երկու ժողովուրդների համար» սկզբունքով: Նա բարձր է գնահատել ԱՄՆ նախագահի ջանքերը հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այս խորհրդաժողովում հանդես է եկել տեսաուղերձով, որտեղ նշել է, որ ԱՄՆ-ի ու Իսրայելի բարեկամությունը շատ ավելին է, քան ռազմավարական միությունը: «Ամերիկյան եւ իսրայելական ժողովուրդները կիսում են այն հավատը, որ ժողովրդավարական պետությունները կարող են ստեղծել սեփական ճակատագիրը»,- ասել է Օբաման՝ ընդգծելով, որ Իսրայելի օրինակով կարելի է հաղթահարել անհնարինը: