Ռուսաստանի համար շատ կարեւոր հարց է Կովկասում կայունության պահպանումը: Այս մասին ասված է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի մեկնաբանությունում, որը հրապարակվել է Ադրբեջանի անկախության 20–րդ տարեդարձի կապակցությամբ լույս տեսած The Business Year - The Business Year-Azerbaijan 2011 պարբերականի հատուկ համարում, տեղեկացրել է1news.az–ը:

Նրա խոսքով, հենց այդ ենթատեքստում պետք է դիտարկել Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետի երկարաձգումը, որի մասին որոշումն ընդունվել է «իմ՝ Երեւան կատարած այցելության ժամանակ»։ «Ռազմաբազան կոչված է ապահովել խաղաղություն եւ կայունություն, ինչպես նաեւ նվազեցնել այն դժվարությունները, որոնք մենք ունենք այսօր»,-ընդգծել է ՌԴ նախագահը:

Դմիտրի Մեդվեդեւն անդրադարձել է նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին եւ դրանում Մոսկվայի դերակատարությանը: «Իմ մասնակցությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ հանդիպումների հաճախականությունը հասել է պատմական առավելագույնի։ Վերջերս խոսելով այդ թեմայի մասին` ես նշեցի, որ չեմ ամաչում մեր կողմից արված աշխատանքի համար։ Դրանք եղել են կարեւոր քննարկումներ, որոնց ժամանակ կողմերն ընդգծել են գործընթացում առկա մի շարք բարդություններ»,- մասնավորապես ասված է Դմիտրի Մեդվեդեւի հայտարարության մեջ:

Ռուսաստանի նախագահի խոսքով`«ամեն դեպքում այդ ջանքերը որոշակի արդյունք են տալիս, եւ բանակցությունները շարունակվում են»։

Մեդվեդեւի կարծիքով, այդ շփումների հաճախականությունը չպետք է նվազի։ «Ռուսաստանը պատասխանատու է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում իր պարտավորությունների համար: Ռուսաստանի բարոյական պարտքն է աջակցել կողմերի միջեւ խնդրի առնչությամբ ծավալված երկխոսության շարունակությանը»,– ասել է Մեդվեդեւը:

«Անձամբ ես պատրաստ եմ աջակցել այդ շփումներին եւ քննարկման դնել բանակցությունների օրակարգի առավել բարդ հարցեր։ Հուսով եմ, որ մոտ ապագայում մենք կշարունակենք նման խորհրդակցությունները մեր եւ մեր արտգործնախարարների մասնակցությամբ: Ռուսաստանը լրջորեն հավատարիմ է մնալու իր պարտավորություններին եւ համապատասխան քայլեր կձեռնարկի` աջակցելու անհրաժեշտ արդյունքին հասնելուն։ Եվ այդ արդյունքը կենսական նշանակություն ունի, քանի որ, անկասկած, կարող է ռուսական շահերի գոտի համարվող տարածաշրջան բերել երկարատեւ խաղաղություն եւ անվտանգություն»,– ասել է ՌԴ նախագահը: