«Բջնի» հանքային ջրերի գործարան" ՓԲ ընկերության ներկայացուցիչները հոկտեմբերի 20-ին այցելել են արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Կոտայքի մարզային բաժին եւ ստացել ընկերությանը վերաբերվող 07-807/08 կատարողական վարույթի բոլոր նյութերը:

ԴԱՀԿԾ մամուլի քարտուղար Ռուբեն Գրդզելյանը NEWS.am-ին հայտնեց, որ ընկերության ներկայացուցիչներին առձեռն տրամադրվել են 7 հատորում ամփոփված շուրջ 3000 էջերի պատճենները:

«Հարկ ենք համարում նշել, որ մինչ այսօր „Բջնի“ ընկերության ներկայացուցիչների գրավոր նամակներին՝ խնդրանքով՝ տրամադրել իրենց գործի նյութերը, ԴԱՀԿ ծառայությունը նույնպես գրավոր հայտնել է, որ պատրաստ է դրանք տրամադրել ցանկացած պահին եւ ամբողջությամբ: Նշված գրությունները նույնպես ներառված են գործում: Այս ամիսներին ընկերության ներկայացուցիչների պնդումները, թե ծառայությունը հրաժարվում է իրենց նյութեր տրամադրելուց, ԴԱՀԿ ծառայությունը դիտարկում է, որպես գործը քաղաքականացնելու անհաջող փորձեր»,- ասված է ԴԱՀԿ հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ «Բջնիի» տնօրենը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ իրենց չի հաջողվում առ այսօր ստանալ կատարողական վարույթի փաստաթղթերը: