Բալկաններն անցնում են ածխի, քանի որ էներգետիկ ճգնաժամը վեր է կլիմայի փոփոխության դեմ պայքարի պարտավորություններից, գրում է AP-ը։

Հյուսիսային Մակեդոնիան, որը ժամանակին վերականգնվող էներգիայի ներդրողների ներգրավման առաջատարն էր, հայտարարել է, որ ծրագրում է բացել երկու նոր ածխահանք՝ էլեկտրակայաններ մատակարարելու համար:

Էներգետիկայի նախարարությունը նաեւ հայտարարել է, որ ցանկանում է 3 միլիոն տոննա ածուխ գնել հարեւան Կոսովոյից, թեեւ գործարք դեռեւս կնքված չէ:

«Էներգետիկ ճգնաժամի սկսվելուն պես ոչ միայն մենք, այլեւ բոլոր եվրոպական երկրներն ավելացրել են ածխից էլեկտրաէներգիայի արտադրությունը, քանի որ այն ամենաէժանն ու անվտանգն է»,-ասել է պետական ​​էներգետիկ ընկերության գործադիր տնօրեն Վասկո Կովաչեւսկին։ 

Մեծածախ գների աճը, պաշարների ցածր մակարդակը եւ ուկրաինական ճգնաժամը հանգեցրել են էներգակիրների գների կտրուկ աճի եւ ստիպել են շատ երկրների պայքարել մատակարարումներ ապահովելու համար:   

Սկոպյեն ի սկզբանե նախատեսում էր մինչեւ 2027թ․ հրաժարվել ածխից, սակայն հունվարին այդ ծրագիրը հետաձգվել է մինչեւ 2030թ․։

Մինչդեռ Կոսովոն հայտնել է, որ արտասահմանյան ընկերությունները, այդ թվում՝ Գերմանիայից, նույնպես հետաքրքրված են ածուխ գնելով: 

Սերբիան հայտարարել է, որ ավելացնում է ածխի արդյունահանումը՝ ոչ բավարար քանակությամբ տեղումների պատճառով, եւ ներմուծում է օրական 500 տոննա ածուխ Չեռնոգորիայից։

Բոսնիան՝ էլեկտրաէներգիա արտահանող միակ բալկանյան երկիրը, ասել է, որ կհետաձգի ածխով աշխատող գործարանները փակելու ծրագրերը։