Արեւմտյան Եվրոպայում նավթի եւ գազի առաջատար արտադրող Նորվեգիան մարտին ավելացրել է բնական գազի արդյունահանումը 2021թ․ մարտի համեմատ գրեթե 6 տոկոսով՝ գերազանցելով կանխատեսումները 6,3 տոկոսով, հայտնել է Նորվեգիայի նավթային վարչությունը (NPD):
Նորվեգական գազը մեծ պահանջարկ ունի անցյալ տարվա աշնանից, երբ Եվրոպայում էներգետիկ ճգնաժամը հանգեցրեց մայրցամաքում բնական գազի եւ էլեկտրաէներգիայի գների կտրուկ աճին, հաղորդում է Oilprice-ը։
Թեեւ Նորվեգիան ԵՄ անդամ չէ, բայց ԵՄ դաշնակիցն է եւ գտնվում է Ռուսաստանի՝ «ոչ բարեկամական երկրների» ցուցակում, ուստի վերջին շաբաթներին փորձում է առավելագույնի հասցնել իր գազի մատակարարումները։
Ուկրաինական ճգնաժամի էսկալացիայից երեք շաբաթ անց նորվեգական Equinor ընկերությունը հայտարարել է, որ գործընկերների եւ նորվեգական իշխանությունների հետ միասին նոր քայլեր կձեռնարկի Եվրոպայում գազի պահանջարկը բավարարելու համար։
Նորվեգիայի նավթի եւ էներգետիկայի նախարարությունը Equinor-ին թույլտվություն է տվել ամռան ամիսներին ավելացնել Troll, Oseberg եւ Heidrun գազի հանքավայրերից արդյունահանումն ու արտահանումը։





























