Հայաստանի իշխանությունների ձախողված քաղաքականությունը Թուրքիային Հարավային Կովկաս է բերել։ Հոկտեմբերի 21-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը։

Նրա խոսքով, հայկական կողմին երկար ժամանակ հաջողվում էր այնպես անել, որ Թուրքիան չխառնվի ղարաբաղյան հարցի կարգավորմանը եւ Հարավային Կովկասի գործընթացներում միջնորդ չլինի։ «Բայց Հայաստանի իշխանությունների ձախողված քաղաքականության հետեւանքով այս տարվա ընթացքում Թուրքիան ակտիվ դերակատարություն ունի կովկասյան գործերում եւ ղարաբաղյան հարցում»,- նշել է նա՝ հավելելով, որ այսօր Անկարան այդ մասին բացահայտ կերպով խոսում է եւ Մեդվեդեւի, եւ Օբամայի հետ։

Շահբազյանի կարծիքով, Հայաստանի իշխանություններն ասես լողում են հոսանքի ուղղությամբ, հուսալով, որ ալիքներն իրենց ափ կհանեն, այսինքն Թուրքիան չի վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները։ Այս կապակցությամբ նա նշել է, որ, եթե անգամ Թուրքիան վավերացնի արձանագրությունները, սահմանների բացումը կձգձգվի այնքան ժամանակ, մինչեւ ղարաբաղյան հարցում տեղաշարժ չլինի։ «Թուրքիան հստակ խոսում է այդ մասին, եւ ես այլ կերպ մտածելու հիմքեր չունեմ»,- նշել է նա։