NEWS.am-ը կրճատումներով ներկայացնում է Մերի Մաթոսյանի հոդվածը` հրապարակված  «The Armenian Weekly» պարբերականում:

Հայաստանում 1991թ. անկախության էյֆորիայից հետո ի հայտ եկան մի շարք սոցիալական եւ տնտեսական հիմնախնդիրներ, որոնց դիմակայել եւ նույնիսկ հասկանալ Հայաստանն ու սփյուռքը չկարողացան:

Եկել է ժամանակը, երբ մենք` սփյուռքի հայերս ավելի մեծ ուշադրություն ենք դարձնում Հայաստանի սոցիալական հիմնախնդիրներին, այլ` ոչ միայն կարիքավորներին հումանիտար ծրագրերով սննդամթերք եւ հագուստ տրամադրելուն:

Այդ հիմնախնդիրներից մեկը ընտանեկան բռնությունն է: Թեեւ բռնությունն ընտանիքում համաշխարհային երեւույթ է, սակայն Հայաստանի համար հատուկ է այդ հիմնախնդրի ժխտումը, իսկ սփյուռքի համար դա նոր խնդիր է, որի դեմ մենք պետք է պայքարենք: Մենք պետք է ոչ թե անհարմար զգանք եւ թաքցնենք այդ խնդիրը, այլ` ամոթ զգանք, որ լուծում չենք գտնում:

Ոչ կառավարական կազմակերպությունները, անկախ դիտորդները դանդաղորեն լույս են սփռում աշխատավայրում սեռական ոտնձգությունների եւ ինտիմ հարաբերությունների, ընտանեկան, հոգեբանական, սեռական բռնության, մանկապղծության, արյունապղծության վրա: Հայերիս համար այդ կարգի խնդիրները ոչ միայն անսովոր են, այլեւ մեծ կաշկանդվածություն են առաջացնում: Այդուամենայնիվ մենք պետք է հաղթահարենք ամոթը եւ օգնենք այդ երեւույթների զոհերին:

Հայաստանում սոցիալական ժխտմանը գումարվում է նաեւ պետական աջակցության բացակայությունը: Չկան մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ օրենքներ, եւ միայն ոչ կառավարական կազմակերպությունների մակարդակով գոյություն ունի տուժածներին որոշակի օգնություն տրամադրելու կառուցվածք:

Հայաստանում ծայրահեղ աղքատության, ՁԻԱՀ-ի, թրաֆիկինգի, ընտանեկան բռնության դեմ պայքարում գոյություն ունի մեկ մեթոդ` ժխտում: Համարվում է, որ այդ երեւույթները կան միայն արեւմտյան հասարակություններում: Նման արձագանքը խորհրդային հասարակության ժառանգությունն է:

Այսօր Հայաստանում արվող անկախ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ընտանիքում բռնության է ենթարկվում 40 տոկոսը: Շատ ընտանիքներ այդ երեւույթը նույնիսկ հիմնադխնդիր չեն համարում եւ չեն գիտակցում, որ անընդունելի է բռնությունը:

Թեեւ Երեւանում ավելի շատ ազատականություն կա, սակայն կանայք քիչ ընտրություն ունեն եւ դաստիարակվում են լինել կախյալ եւ ենթարկվել ամուսնուն: Կինը չունի խոսքի իրավունք ընտանիքում: Լիազորություններ ունեցող կինը համարվում է սպառնալիք ընտանիքին: Հատկապես, գյուղական համայքներում կանայք նորմալ են համարում ամուսնու կողմից ծեծը:

Հոգեբանական բռնությունը գոյություն ունի Հայաստանի ընտանիքների 70 տոկոսում: Կանանց արգելվում է դուրս գալ տանից, զանգել ընկերներին, չի տրամադրվում ծախսելու գումար, սահմանափակվում են մյուս ազատությունները, կրթության եւ աշխատանքի իրավունքը:

Մեր առջեւ վիթխարի խնդիր է. պայքարել կործանարար մտածելակերպի եւ համոզումների դեմ, նաեւ բարձրացնել հայ հասարակության իրազեկվածությունը: Բարեբախտաբար, Հայաստանում կան ակտիվ հասարակական կազմակերպություններ, որոնց համար կարեւոր են այդ խնդիրները:

Զարուհի Պետրոսյանի դաժան սպանությունից հետո սպանվեցին, կամ դանակի հարվածներ ստացան այլ կանայք: Յոթ հասարակական կազմակերպությունների խումբը ստեղծել է «Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքարի կոալիցիա»:

Այդպիսի կազմակերպությունների աջակցությունը սփյուռքի կողմից առաջնահերթ նշանակություն ունի: Թեեւ գումար միշտ է պետք, սակայն քիչ կարեւոր չեն կամավորականների եւ ձեր նամակներն ու խնդրագրերը Հայաստանի պաշտոնյաներին` նրանց վրա ճնշում գործադրելու եւ հիմնախնդիրը ճանաչելու եւ դրա դեմ պայքարելու նպատակով: