Երեւանն ու Հերոսիման կարող են եղբայրանալ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Խիկարի» կենտրոնի ղեկավար Կարինե Փիլիպոսյանը:
Նրա խոսքով` գործընթացն սկսվել է դեռ 2009թ-ին, սակայն դանդաղ է առաջ գնում: «Առաջընթացի համար ջանքեր են պետք» ,-նկատեց կենտրոնի ղեկավարը` ավելացնելով, որ ճապոնական կողմը հետաքրքրված է, այնպես որ խնդիրը հայկական կողմում է: «Կարծում եմ, եթե Ճապոնիայի հետ հարաբերությունների զարգացումն այսօր մեր երկրի գերակայությունների թվում է, մենք նույնպես պետք է կարողանանք արժանիորեն ներկայացնել արդեն կատարվածը»,-նշեց Փիլիպոսյանը:
Արդեն մի քանի տարի է, ինչ «Խիկարի» կենտրոնի աշակերտները Հերոսիմայի ռմբակոծման տարելիցի կապակցությամբ պատրաստում եւ Ճապոնիա են ուղարկում ճոպոնական ավանդական լապտերներ եւ կռունկներ: Այս տարի երեխաներն ուղարկել են 66 լապտեր` 66-րդ տարելիցի կապակցությամբ եւ ավանդական հազար կռունկներ:
Ամեն տարի օգոստոսի 6 –ին, ժամը 8:15-ին` ատոմային ռումբի նետման ժամին, մարդիկ գնում են Խաղաղության հուշարձանի մոտ` անմեղ զոհերի հիշատակը հարգելու: «Մեզ համար մեծ պատիվ է, որ մարդիկ հերթ են կանգնում ` վերցնելու մեր երեխաների պատրաստած լապտերները` դրանք ջրում բաց թողնելու համար»,-նշում է Կարինե Փիլիպոսյանը: Իսկ Սադակոյի կռունկները, ըստ նրա, հզոր զենք են դարձել ընդդեմ պատերազմի:
Նշենք, որ 12-ամյա Սադակո Սասակին մահացել էր 1955թ. լեյկեմիայից, որը կոչվում է «ատոմային հիվանդություն»: Նրա ընկերը նրան պատմել էր ճապոնական հին առասպելի մասին, ըստ որի, ով պատրաստի հազար թղթե կռունկ, որպես պարգեւ նրա ցանկությունը կիրականանա: Սադակոն հիվանդանոցում սկսել է թղթե կռունկներ պատրաստել: Հայտնի չէ, արդյոք աղջնակը հասցրել է պատրաստել հազարը:
1958թ. ձեռքին թղթե կռունկ բռնած Սադակոյի արձանը կանգնեցվել է Հերոսիմայի Խաղաղության զբոսայգում: Հուշաքարին գրված է. «Սա մեր ճիչն է, Սա մեր աղոթքն է, Խաղաղություն ողջ աշխարհում»:




























