Բեյրութի Մարինա նավահանգստում օգոստոսի 6-ին տեղի է ունեցել «Արմենիա» առագաստանավի դիմավորման հանդիսավոր արարողությունը: Պաշտոնական միջոցառման ժամանակ Լիբանանի եւ Հայաստանի օրհներգներից հետո ողջույնի խոսքով հանդես են եկել Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, Լիբանանի առաջնորդ արքեպիսկոպոս Գեղամ Խաչերյանն ու Բեյրութ քաղաքի քաղաքապետ Բիլալ Համմադի ներկայացուցիչ Արամ Մալյանը:

«Արմենիա» առագաստանավի արշավախմբին դիմավորել են հոգեւոր հայրեր, Լիբանանի կառավարության եւ խորհրդարանի անդամներ, հայ համայնքի ազգային կառույցների եւ քաղաքական կուսակցությունների ղեկավարներ, Այնճարի եւ Բուրջ Համուդի քաղաքապետերը, սկաուտներ, Համազգայինի եւ հայաբնակ Այնճարի նվագախմբեր, կրթօջախների եւ սպորտային դպրոցների սաներ, պարախմբեր, հարյուրավոր բեյրութահայեր, Լիբանան – Հայաստան բարեկամության ասոցիացիայի եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Նշենք, որ «Արմենիա» առագաստանավն ավարտւմ է իր շուրջերկրյա նավարկությունը, որն իր սկիզբն է առել 2009 թվականի մայիսի 28-ին Վալենսիայից: Առագաստանավն անցել է տարբեր օվկիանոսներով, ծովերով եւ Սփյուռքի ճամփաներով: Կանգառներ են եղել մի քանի մայրցամաքային նավահանգիստներում: Առագաստանավի արշավախումբը կրում է Մեսրոպ Մաշտոցի անունը: Խորհրդանշական է, որ նավարկությունն ավարտվում է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-ամյակի նախաշեմին: Նախատեսվում է, որ առագաստանավին, որը մոտ օրերին մեկնում է Բեյրութից, Կիպրոսում կողջունի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: