2008թ. Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ հնգօրյա պատերազմը լավ դաս էր Հայաստանի համար: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Կովկաս» վերլուծական ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը: Նրա խոսքով, Հայաստանն արժանապատվորեն դրսեւորեց իրեն որպես չեզոք կողմ, ինչը դրական գնահատեցին եւ Ռուսաստանում, եւ Վրաստանում:
«Պատերազմն ընթանում էր մեր գլխավոր ռազմավարական գործընկերոջ` Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ, որն առավել կարեւոր է մեզ համար հաղորդակցության առումով: Այդ իրավիճակում մեր քաղաքական ռազմավարությունը լիովին արդարացրեց իրեն եւ ամենաարդյունավետ իմաստով ցուցադրեց»,- նկատել է փորձագետը:
Խոսելով բուն ռազմական գործողությունների մասին` Մինասյանը նշել է, որ կար մի զգալի պլյուս, պատերազմը ցույց տվեց իր գինը. «Այսօր այն կողմը, որ ցանկանում է բախում հրահրել Լեռնային Ղարաբաղում, լավ հիշում է, թե ինչ եղավ 2008թ. օգոստոսին: Բաքվում հասկանում են, որ պատերազմ սկսողն ու պատրվողը մեկ ժամում կարող է կորցնել ամեն ինչ: Պատերազմի գինը հասկանում են բոլորը, եւ դա զսպիչ գործոն է»,- նկատել է նա:
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը փոքր-ինչ այլ կերպ է կարծում: «Պատերազմը միայն բացասական հետեւանքներ է ունեցել: Առաջին հերթին դա վերաբերում է ռուսների եւ վրացիների միջեւ վստահության կորստին: Վրացական հասարակության միայն 7-8 տոկոսն է հեռանկարում հավատում Ռուսաստանի հետ համագոծակցությանը, երկրների քաղաքական վերնախավերը անվստահությամբ են վերաբերում իրար: Ի լրումն, թե Ռուսաստանը, թե Վրաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերներն են, եւ նրանց հարաբերությունների ցանկացած վատթարացում բացասաբար է ազդում մեզ վրա, թե էլ չեմ ասում պատերազմի մասին»,- նկատել է նա:
Կարապետյանի կարծիքով, այսօր Ռուսաստանը ուշադիր հետեւում է Երեւանի եւ Թբիլիսիի հարաբերությունների զարգացմանը` դրանց ցավագին արձագանքելով, նույնը վերաբերվում է նաեւ Թբիլիսիին:
«Ինչ վերաբերում է պատերազմին, մենք պետք է պատրաստվենք դրանք, մեր տարածաշրջանում այն կարող է բռնկվել պահի, եւ դա դաս է Հայաստանի համար: Անվտանգության երաշխավորը պետք է լինեն մեր զինված ուժերը եւ ակտիվ պետական դիվանագիտությունը»,- ամփոփել է նա:




























