Շիական «Ամալ» շարժման նախագահ Նաբիհ Բերին պահպանել է Լիբանանի միապալատ խորհրդարանի ղեկավարի պաշտոնը, որը զբաղեցնում է 1992 թվականից։ Ինչպես հայտնել է Պատգամավորների պալատի քարտուղարությունը, 84-ամյա քաղաքական գործչի թեկնածությունը քվեարկության արդյունքներով ստացել է օրենսդիր մարմնի 128 անդամներից 65-ի աջակցությունը։

23 պատգամավոր դատարկ քվեաթերթիկներ են գցել քվեատուփի մեջ, եւս 40 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։ Ընդդիմադիր կուսակցությունների եւ քաղաքացիական հասարակությունների պատգամավորներն այսպիսով իրենց բողոքն են արտահայտել յոթերորդ անգամ անընդմեջ «Ամալ»-ի առաջնորդի վերընտրվելու կապակցությամբ։

Այնուհետեւ տեղի է ունեցել խորհրդարանի փոխխոսնակի ընտրության քվեարկություն, որը տեխնիկական խնդիրների պատճառով երկու անգամ է անցկացվել։ Համաձայն դավանաբանական ներկայացուցչության գործող համակարգի՝ այս պաշտոնը պատկանում է Լիբանանի ուղղափառ համայնքի պատգամավորներին։ Դրա համար պայքարում էին Լիբանանի պաշտպանության նախկին նախարար Իլյաս Բու Սաաբը եւ Զահլե քաղաքից անկախ պատգամավոր Ղասան Սքաֆը։ Բու Սաաբը, որին աջակցում է նախագահամետ «Ազատ հայրենասիրական շարժումը», հավաքել է 65 ձայն, Սկաֆի օգտին քվեարկել է Ներկայացուցիչների պալատի 60 անդամ, եւս երեք քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։

Ըստ Al-Akhbar թերթի, քվեարկության արդյունքները ցույց են տվել մայիսի 15-ին կայացած համընդհանուր ընտրություններից հետո Լիբանանի խորհրդարանում քաղաքական ուժերի վերջնական դասավորվածությունը։ Չնայած խորհրդարանական մեծամասնությունը կորցնելուն, շիական «Ամալ» եւ «Հըզբոլլահ» խմբակցությունների դաշինքը՝ քրիստոնեական ԱՀՇ-ի հետ, որը հաղթել է 2018 թվականի ընտրություններում, ունի հինգ ձայնի աննշան առավելություն, ինչը որոշիչ է ապագա կառավարության քաղաքականությունը որոշելու հարցում։