Հայաստանում ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ հնարավոր է եղել մեծ քանակությամբ կանխիկ գումարով կրիպտոարժույթի գնում արձանագրել, ինչպես նաեւ` կրիպտոակտիվի փոխանցում էլեկտրոնային դրամապանակ եւ այլ սերվիսներ: Այս մասին Ազգային ժողովում հունիսի 1-ին մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2021 թ. պետական ​​բյուջեի կատարողականի նախնական քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ պետական ​​եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։

Այնուամենայնիվ, նրա խոսքով, այդ գործողություններն արդյունք չեն տվել, քանի որ ՀՀ օրենսդրության մեջ բացակայում է հստակ կարգավորումը, թե ինչ են իրենցից ներկայացնում կրիպտոակտիվները, ինչպես նաեւ` ինչ իրավական կարգավիճակ ունեն։

«Աշխարհը գնացել է կարգավորման ճանապարհով։ Մենք բազմիցս դիմել ենք ԿԲ` այս ոլորտը կարգավորելու խնդրանքով, ընդ որում` պարտադիր կարգով, քանի որ կարգավորման բացակայությունը բազմաթիվ ստվերային գործարքների հնարավորություն է ստեղծում։ Մինչդեռ աշխարհում այդպիսի փորձ արդեն կա»,- ընդգծեց Բադասյանը։
ՊԵԿ նախագահը նշեց նաեւ, որ գրանցվել են կրիպտոարժույթի միջոցով հարկերից խուսափելու եւ փողերի լվացման դեպքեր։ «Ուստի հարցը պետք է արագ լուծվի»,- կարծում է կառավարության ներկայացուցիչը։