Հայաստանում նպաստ ստացող ընտանիքների թիվը 2021 թվականին կրճատվել է 10 000-ով։ Այժմ այդ թիվը կազմում է մոտ 84 000։ Այս մասին հունիսի 3-ին Ազգային ժողովում 2021 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Ստացողների թիվը, նախարարի խոսքով, կրճատվել է այս ընտանիքների սոցիալական կարիքների իրատեսական գնահատման հիման վրա։ Ի դեպ, նպաստի միջին չափը Հայաստանում կազմում է մոտ 30 000 դրամ։ «Ընտանիքների մեծ մասը շարունակում է նպաստները կանխիկ ստանալ: Բայց նրանց, ինչպես նաեւ կենսաթոշակառուների համար, հնարավորություն կա քեշբեք ստանալ նպաստի մինչեւ 10 տոկոսի չափով, եթե գնումներ կատարեն եւ վճարեն անկանխիկ եղանակով։ 84 000 ընտանիքներից միայն մոտ 1400-ն է քարտով նպաստ ստանում։ Սակայն թոշակառուների շրջանում քարտից օգտվողների թիվն ավելի շատ է՝ 560 000-ից 390-ը»,- ասաց Մկրտչյանը։
Ընդհանուր առմամբ, կենսաթոշակների վճարումը Հայաստանում 2021 թվականին 2020 թվականի համեմատ աճել է 5 տոկոսով։ Անցած տարի վճարված կենսաթոշակների ընդհանուր գումարը կազմել է շուրջ 377,6 մլրդ դրամ։ Ընդ որում, միջին կենսաթոշակը, ինչպես 2021 թվականին, 40 000 դրամից մի փոքր ավելի է։





























