Մենք հիմա Բաղրամյան պողոտայով բարձրանում ենք Ազգային ժողով, այսօր ժամւ 16-ին նշանակված է արտահերթ նիստը. Իհարկե, ՔՊ խմբակցությունը հայտարարել է, որ չի մասնակցելու, բայց մենք հիմա «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակլցությունների պատգամավորներով շարժվում ենք դեպի ԱԺ: Այս մասին Facebook-ի իր էջի «լայվում» ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

Նա կոչ արեք քաղաքացիներին հավաքվել Ֆրանսիայի հրապարակում՝ պաշտպանելու իրենց ընդդիմադիր ուժերի օրակարգ. «Այն կարմիր գծերը, որը բոլորինս է: Դրանք հայ ժողովրդինն են, որոնք գծվել են արյամբ, ամրագրվել են աշխատանքով ու քրտինքով: Հիմա մարդիկ ուզում են ջնջել այդ կարմիր գծերը: Հենք հիմա գնում ենք ԱԺ արտահերթ նիստին: Բոլորիս գործն է պաշտպանել այդ կարմիր գծերը»,-ասաց նա՝ հավելելով, որ որոշ ժամանակ անց իրենք կմիանան Ֆրանսիայի հրապարակում հավաքվածներին:

Տեսանյութում երեւում է, որ ընդդիմադիր պատգամավորները ոտքով շարժվում են դեպի խորհրդարանի շենք:

Ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախաձեռնել են ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում ԱԺ հայտարարության նախագիծն է Հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը դեռեւս մայիսի 27-ին հայտնել է, որ իրենց խմբակցությունը չի մասնակցելու հունիսի 3-ին հրավիրված ԱԺ արտահերթ նիստին, ինչը նշանակում է, որ նիստը չի կայանա՝ քվքրումի բացակայւթյան պատճառով:

Հայտարարության նածագծի տեքստը ներկայացնում ենք ստորեւ.

«Հայ–ադրբեջանական և հայ–թուրքական հարաբերությունների կապակցությամբ ՀՀ ԱԺ հայտարարությունը.

Հիմք ընդունելով ՀՀ անկախության հռչակագիրը, ՀՀ Սահմանադրությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Արցախի ժողովրդի 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքները, միջազգային իրավունքի հիմնադրույթները, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից բազմիցս ներկայացված հիմնարար սկզբունքները՝ հայտարարում ենք․

1.            Հայաստանի Հանրապետությունն աջակցելու է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանը։ Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ վերջնական տարբերակ, որի արդյունքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում։

2.            Պետք է ապահովվի հուսալի ցամաքային կապ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև՝ բացառելով վերջինիս անկլավային վիճակը։

3.            Հայաստանի Հանրապետությունը Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է բոլոր բաղադրիչներով։

4.            Հայաստանի Հանրապետության հետ սահմանագծման և սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն հումանիտար խնդիրների լուծման, հայ ռազմագերիների և պահվող անձանց վերադարձի և Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զորքերի դուրսբերման նախապայմանով։

5.            Ադրբեջանի հետ սահմանագծման և սահմանազատման աշխատանքների արդյունքում բացառվում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խաթարումը։

6.            Հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը բացառում է որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի հայ ժողովրդի հայրենազրկման և ցեղասպանության իրողությունը, ինչպես նաև՝ հայության հոգևոր, մշակութային ժառանգության կրող լինելու իրավունքը։

7.            Հայ–թուրքական և հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը միմյանց հետ շաղկապված չէ։ Ադրբեջանի և Թուրքիայի հետ կոմունիկացիաների ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ միջազգային տրամաբանությամբ»:

ՔՊ-ն չի մասնակցելու Արցախի հարցը ներքաղաքական նպատակներով օգտագործելուն ուղղված ԱԺ արտահերթ նիստին․ Ա․ Հովհաննիսյան