Ֆինլանդիայի եւ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հայտերի առաջընթացը հունիսին Մադրիդում կայանալիք գագաթաժողովին ընդառաջ կախված է նրանց արձագանքից թուրքական պահանջներին, ասել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալինը։
Ստոկհոլմը եւ Հելսինկին Արեւմտյան պաշտպանության դաշինքին միանալու հայտ են ներկայացրել, սակայն բախվել են Թուրքիայի հակազդեցությանը, որը մեղադրել է նրանց քուրդ զինյալներին եւ այլ ահաբեկչական խմբավորումներին աջակցելու եւ նրանց ապաստամելու մեջ:
Մինչ Շվեդիան եւ Ֆինլանդիան հայտարարել էին, որ Թուրքիայի հետ տարաձայնությունների լուծմանն ուղղված բանակցությունները կշարունակվեն, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի հայտարարել էր, որ Անկարան իր պահանջների մասով որեւէ առաջարկ չի ստացել:
Իբրահիմ Քալինը El Pais-ին տված հարցազրույցում ասել է, որ Թուրքիայի պահանջներին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի արձագանքից է կախված՝ արդյոք հնարավոր կլինի առաջընթաց գրանցել հունիսի 29-30-ը Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին ընդառաջ։ «Դա կախված է նրանից, թե ինչ կանեն Շվեդիան եւ Ֆինլանդիան,- ասել է նա:- Երբ մենք առաջընթաց տեսնենք մեր պահանջների մասով, այդ ժամանակ էլ գործընթացն առաջ կգնա։ ՆԱՏՕ-ն զբոսաշրջային կամ տնտեսական միություն չէ, դա անվտանգության միություն է, ինչը նշանակում է, որ դրա բոլոր անդամների անվտանգությունը պետք է ապահովվի հավասարապես եւ արդարացիորեն»։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Վաշինգտոն կատարած այցի ժամանակ ասել էր, որ առաջիկա օրերին Բրյուսելում կհրավիրի Ֆինլանդիայի, Շվեդիայի եւ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ այդ հարցը քննարկելու համար:
ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումը պահանջում է դրա 30 անդամներից յուրաքանչյուրի աջակցությունը: Թուրքիան, որը ՆԱՏՕ-ի դաշնակիցն է ավելի քան 70 տարի, հայտարարել է, որ չի փոխի իր դիրքորոշումը, քանի դեռ սկանդինավյան երկրները «կոնկրետ քայլեր» չեն ձեռնարկել իր «մտահոգությունների» կապակցությամբ: