ՀՀ իշխանությունները զինվորների կարիքներն ու հմտությունները կգնահատեն զորացրվելուց մեկ ամիս առաջ։ Այս մասին Ազգային ժողովում հունիսի 3-ին մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2021 թ. պետբյուջեի կատարողականի նախնական քննարկման ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Դա, նախարարի հավաստիացմամբ, արվում է նրանց հետագա տնտեսական ակտիվությունը խթանելու համար։ «Մենք ծրագիր ենք նախապատրաստել, ըստ որի զորացրվելուց մեկ ամիս առաջ պետությունը կգնահատի զինվորների կարիքները։ Ասենք՝ երբ զինվորը զորացրվի, պետությունը կստանա նրա հետ կապված բոլոր անհրաժեշտ տեղեկությունները։ Մասնավորապես, թե ինչ հմտություններ ունի նա, ինչպես նաեւ՝ նրա կրթությունն ու ցանկությունները»,- պարզաբանեց Մկրտչյանը։
Այդ կարիքները գնահատելուց հետո, ինչպես նշեց կառավարության ներկայացուցիչը, որոշ երիտասարդներ զբաղվածության պետական ծրագրերի շահառուներ կդառնան։ «Նաեւ նոր ծրագրերի հնարավորություն կարող է առաջանալ։ Սակայն ամենակարեւոր խնդիրը տվյալների ու կարիքների գնահատումն է, որը կիրականացվի արդեն հուլիսյան զորացրումից։ Այդպիսի ծրագիր նախկինում երբեք չի իրականացվել։ Դա տեղավորվում է լայնածավալ վերապատրաստումների իրականացման տրամաբանության մեջ»,- ընդգծեց նախարարը։





























