Այստեղ՝ Երեւանի Ֆրանսիայի հրապարակում, հավաքվել են ազգի հայրենասերները, մեր հավատքի սուրբ եկեղեցու, մեր ավանդույթների ու սովորույթների հայրենասերները, լավագույն մարդկանցից։ Այս մասին հունիսի 3-ին Երեւանի Ֆրանսիայի հրապարակում Դիմադրության շարժման հանրահավաքին հայտարարեց գեներալ-գնդապետ, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը։
Նա անդրադարձավ նաեւ քաղաքացիներին, ովքեր դեռ փողոց դուրս չեն եկել եւ չեն միացել ընդդիմությանը։ «Այն քաղաքացիները, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն եկել այստեղ, նույնպես մերն են։ Պարզապես նրանք մի փոքր սխալվում են: Գիտեք, ես մի փոքր հոռետեսություն զգացի ցուցարարների մեջ։ Իզուր, դա պետք է հանել: Ձեզ մոտ ոչ մի հոռետեսություն չպետք է լինի: Մենք մեծ գործ ենք անում։ Իսկ մեծ գործը սիրում է, երբ չեն շտապում, երբ ամեն ինչ հանգիստ է արվում։ Ամեն օր պետք է քարը քարի վրա դնել, եւ այդ դեպքում մի իրավիճակ, մի պահ կլինի, երբ հաղթանակը կգա։ Եւ հաղթանակն անպայման կլինի։ Պարզապես պետք է համբերությամբ լցվել եւ սպասել»,- ընդգծեց Խաչատուրովը։





























