Այսօր` հոկտեմբերի 22-ին պաշտոնական այցով Թուրքիա է մեկնել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, որին պաշտոնական արարողակարգով դիմավորել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Iha կայքէջը՝ հավելելով, որ այս այցելությամբ երկու երկրները տնտեսական եւ ռազմավարական շրջանակներում նոր ժամանակաշրջան են սկսում:

Միջին Ասիայի էներգետիկ հենք դարձող Ղազախստանի նախագահը Անկարա է ժամանել 300 գործարարների հետ եւ միլիարդանոց նախագծերով։ Մինչ հոկտեմբերի 24-ը տեւելիք այս այցի ընթացքում Թուրքիայում Նազարբաեւին կհամոզեն, որ բնական գազը վաճառի ոչ թե Ռուսաստանին՝ այլ «Նաբուկո»-ին։

Նազարբաեւը հանդիպում կունենա Թուրքիայի նախագահի եւ վարչապետի հետ, ինչպես նաեւ ելույթ կունենա Թուրքիայի Ազգային մեծ ժողովում։ Դրանից զատ, կստորագրվեն բազմաթիվ համաձայնագրեր։

Նշենք, որ ներկայում թուրք-ղազախական առեւտրաշրջանառությունը կազմում է 2.5 միլիարդ դոլար, որը նախատեսվում է հասցնել 5 միլիարդի։ Ղազախստանի նախագահը կհանդիպի նաեւ Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դիմերելի եւ ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարների հետ։

NEWS.am-ը հիշեցնում է, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը մինչ Թուրքիա ժամանելը հայտարարել էր, թե հայ-թուրքական ստորագրված արձանագրությունները կարեւոր քայլ է համարում երկկողմ հարաբերությունների կարգավորման ճանապարհին։