Երաժշտական պրոդյուսեր եւ երգերի գործիքավորող Արթուր Ասրյանը (Proff) 40 տարուց ավել է՝ ոլորտում է, իսկ անցած տարի լրացավ նրա ու հանրահայտ երգիչ Թաթա Սիմոնյանի համագործակցության 30-ամյակը։ Այս տարիների ընթացքում Արթուրն իր մեծ ներդրումն է ունեցել համազգային սեր ու ժողովրդականություն վայելող արտիստի հիթերի, գլխապտույտ հաջողությունների, շրջագայությունների, մրցանակների ու հաղթարշավների մեջ՝ միասին անցնելով երկար ու բարդ, բայց հետաքրքիր ու չլսված հաջողությամբ լի ճանապարհ։ Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունների հատուկ անվանակարգերից մինչեւ միջազգային հարթակներ ու Փոփի արքայի կոչումը՝ երգչի հաջողության ճանապարհին միշտ նրա կողքին է եղել պրոդյուսերը՝ Արթուրը։ Խոսելով 30 տարի շարունակ համատեղ աշխատանքի հաջողության մասին՝ պրոդյսուսերը նշում է՝ գաղտնիքը մեկն է՝ ունեին նպատակ, ու ոչինչ չեն խնայել այն իրականություն դարձնելու համար։

NEWS.am-ը պրոդյուսեր Արթուր Ասրյանի հետ զրուցել է անցած ուղու, Թաթայի հետ համագործակցության ու նոր անելիքների մասին։

Արթուրը ոլորտում հայտնի է Proff անվամբ․ պատմում է, որ այդպես իրեն կնքել են բանակային ընկերները՝ Թիֆլիսում ծառայելու տարիներին,-«Ակնոց էի կրում, ասում էին՝ պրոֆեսորի նման եմ, ու Պրոֆ էին անվանում»,-ժպիտով հիշում է նա։

Proff մականունը նրան ուղեկցեց նաեւ երաժշտական ոլորտում ու կրկին մատնանշեց իրապես պրոֆեսիոնալ լինելու փաստը։ Երաժշտությամբ զբաղվելով 7 տարեկանից, իսկ հետագայում մասնագիտանալով սիրելի ոլորտում՝ Արթուրը երկար ճանապարհ է անցել․

1983 թ-ին Կապանի մշակույթի պալատում ստեղծել եւ ղեկավարել է «Զանգեզուր» ջազ-ռոք խումբը, հասցրել ձեռք բերել մեծ փորձ ու արժանանալ մասնագիտական մրցանակների։ Թաթա Սիմոնյանի հետ Արթուրը ծանոթացել է 1991 թ-ին՝ ընկերներից մեկի տանը, որտեղ մի խումբ երաժիշտներ հավաքվել էին տոնախմբության շրջանակում։ Հանդիպումը պատահական էր, բայց Արթուրի խոսքով՝ «Կյանքում ոչինչ պատահական չի լինում»։

Անդրադառնալով երկարատեւ համագործակցության բանաձեւին՝ պրոդյուսերը նշում է,-«Ամեն ինչ գալիս է մարդկային գործոնից, մարդկանցից, եւ, իհարկե, այն առաջնային նպատակից, որը դրել էինք մեր համագործակցության հիմքում։ Նպատակն ի սկզբանե եղել է երկար տարիների աշխատանքն ու դրա արդյունքում բարձր կետի հասնելը։ Տարիների ընթացքում դարձանք ընտանիքի անդամների պես»։

Նա չի ժխտում, որ տարիների ընթացքում եղել ու լինում են տարաձայնություններ, բայց ընկերությունը միշտ հաղթում է․

«Իհարկե, հնարավոր չէր, որ այս ընթացքում չունենայինք տարաձայնություններ․ առհասարակ, աշխատանքային գործընթացում դա անհնար բան է՝ չէ՞որ մենք տարբեր մարդիկ ենք, յուրաքանչյուրս ունենք մեր բնավորությունն ու կենսակերպը․ տարաձայնություններ եղել են, բայց դա նորմալ երեւույթ է»։

Թաթա Սիմոնյանն այսօր հայկական երգարվեստի ամենապահանջված ներկայացուցիչներից է, սակայն կար ժամանակ, երբ, նույնիսկ, Թաթայի առաջ էին փակվում շատ դռներ։ Բայց Արթուրն ու Թաթան չէին հիասթափվում․

«Մեր նպատակը հստակ էր՝ անպայման հասնել հաջողության»,-ասում է երգչի պրոդյուսերը,-«Չէի ասի, թե հիասթափություններ շատ են եղել,  բայց դժվարություններ եղել են՝ կապված տեխնիկական խնդիրների հետ՝ սկսած գործիքներից, վերջացրած՝ անհրաժեշտ մյուս սարքավորումներով։  Այն տարիներին, երբ մենք սկսում էինք, ամեն ինչ շատ դժվարությամբ էինք ձեռք բերում․ հիմա ամեն բան ավելի հեշտ է ստացվում։ Բացի այդ, շատ դժվար էր հեռուստատեսային եթերում հայտնվելը․ հիմա յուրաքանչյուրն, ով ցանկանում է, կարող է իր ուզածը երգել ու տեղադրել համացանցում, իր աշխատանքը հասանելի դարձնել բոլորին։ Մեր միակ ռեսուրսն այդ տարիներին ձայնասկավառակների տարբեր կետերից հնչող ձայնագրություններն էին, որոնք բարձր լսվում էին փողոցների տարբեր անկյուններից։ Մարդիկ այդպես էին իմանում, որ այս կամ այն երգիչը նոր երգ ունի կամ նոր ձայնասկավառակ է թողարկել»։

Անդրադառնալով իրենց երգերի մեծամասնության՝ մինչ այսօր արդիական լինելուն ու ներկայիս հայկական շոու-բիզնեսի արտադրանքի կարճ կյանքին՝ պրոդյուսերն ասում է․

«Պարզապես, կյանքն է արագացել։ Նախկինում չկար համացանց, եւ մինչեւ տվյալ երգը տարածվեր, դրա համար ամիսներ էին պետք, իսկ հիմա այնքան արագ է ամեն ինչ հասանելի դառնում, որ մի երգը հաջորդ օրը փոխարինվում է մյուսով, դրա համար հաջողությունը նույնքան կարճ է տեւում։ Իհարկե, այսօր էլ կան երգեր, որ, գուցե, ունենան ավելի երկար կյանք, բայց միեւնույն է 50-60 տարի առաջվա երգերի հաջողությունը չեն գրանցում։ Կարծում եմ՝ դա գալիս է նրանից, որ ժամանակին ամեն բան մաղվում էր, մնում էր ամենալավը։ Ինչ վերաբերում է Թաթայի երգացանկին՝մաքսիմալ փորձել ենք այնպես անել, որ երգերը հետաքրքիր լինեն, ինչպես տարբեր տարիքի, այնպես էլ՝ տարբեր երկրներում ապրող հայերի համար, այսինքն՝ երգերը թեմատիկ առումով հարազատ դարձնել տարբեր մշակույթներ կրող մարդկանց հոգուն։ Իրականում՝ բարդ է ասել, թե որն էր մեր հաջողության գաղտնիքը, բայց մեզ մոտ ստացվեց, ինչի մասին խոսում է այն փաստը, որ մենք շատ տարբեր համայնքներում ենք եղել, ու ամեն տեղ մեզ ընդունել են հարազատի պես»։

Պրոդյուսերն իր գործունեության ընթացքում աշխատել է նաեւ երիտասարդ սերնդի հետ՝ իր մասնակցությունն ունենալով ամենախոշոր նախագծերում, որոնցից ամենամասշտաբայիններից է համարում «Համազգային աստղը»․

«Համազգային աստղը» մեծ փորձ դարձավ նաեւ ինձ համար, քանի որ նման մասշտաբի նախագիծը նորություն էր Հայաստանի համար․ մի շարք երգիչներ հայտնի դարձան հենց այդ նախագծի շնորհիվ՝ Արթուր Բեսթ, Գրիգորի Եսայան, Նիկ Էգիբյան, Ջոնի Կարապետյան, Արմեն Սարգսյան, Ռուզաննա Անդրեասյան, Ապե Ջան, A Chilla եւ այլք, որոնք ոլորտում ունեն իրենց ուրույն տեղը»։

Այսօր պրոդյուսերն ու Թաթան շարունակում են ներկայանալ նորություններով, որոնցից ամենաթարմը «Բարով եկար» երգն է, որի տեսահոլովակը YouTube-ում տեղադրվել է օրերս։

Արթուրի խոսքով՝ 2020 թ-ի ընթացքում՝ կորոնավիրուսով ու պատերազմով պայմանավորված՝ դադարել էին շրջագայությունները, բայց շուտով ծրագրում են վերսկսել դրանք ու ներկայանալ նոր անակնկալներով․

«Կան երգեր, որոնց շուրջ արդեն աշխատում ենք․ պատերազմը շատ բաներ փոխեց մեր կյանքում․․․ Աստված տա՝ ամեն բան կարգավորվի, ու մենք կշարունակենք կրկին շրջագայել»։