«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն ընդլայնել է PMI Science-ի աջակցությամբ իրականացվող գիտական ծրագրերի աշխարհագրությունը։ Այսուհետ ծրագրերին կարող են դիմել նաև մասնագետներ և հետազոտական թիմեր արտերկրից։

Հայաստանի և արտերկրի առաջատար հետազոտական ինստիտուտների, բուհերի և ընկերությունների հետազոտական թիմերը կարող են ներկայացնել իրենց առաջարկները Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման (Faculty Research Funding) 2022թ-ի ծրագրին։

Ծրագրի հիմնական նպատակն է տրամադրել ֆինանսավորում և համակարգված օժանդակություն տարբեր գիտական ուղղությունների հետազոտական թիմերի։

Ծրագրի շրջանակում ընտրված մինչև 15 հետազոտական թիմերն իրենց հետազոտական ծրագրերն իրականացնելու համար կստանան ֆինանսավորում՝ յուրաքանչյուրը շուրջ 7 մլն ՀՀ դրամի չափով, ինչպես նաև մասնագիտական աջակցություն։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2022թ. հունիսի 15-ը, ժ. 23։59 (Երևանի ժամանակով)։

Մանրամասների համար

Մեկնարկել է նաև Ասպիրանտների աջակցության (PhD Support Program) 2022թ-ի ծրագրով Հայաստանի և արտերկրի բուհերի ու հետազոտական ինստիտուտների ասպիրանտներից հայտերի ընդունման գործընթացը։

Ծրագրի շրջանակում ընտրված մինչև 10 ասպիրանտներ իրենց հետազոտական ծրագրերն իրականացնելու համար կստանան ամսական շուրջ 360,000 ՀՀ դրամի չափով ֆինանսավորում, մասնագիտական աջակցություն մենթորների կողմից, ինչպես նաև կմասնակցեն համայնքային բացառիկ միջոցառումների ։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է ս. թ. հունիսի 15-ը, ժ. 23։59։

Մանրամասների համար։

Շուրջ 5 տարի «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը՝ PMI Science-ի աջակցությամբ իրականացնում է գիտական էկոհամակարգի զարգացմանն ուղղված այս ծրագրերը՝ աջակցելով գիտնականներին, տրամադրելով ֆինանսավորում և օժանդակություն իրենց հետազոտական և գիտական նախագծերի համար։

2018թ-ից ի վեր 12 համալսարանների և հետազոտական ինստիտուտների 40 ասպիրանտներ արդեն ներգրավվել են Ասպիրանտների աջակցության (The PhD Support Program) ծրագրում, իսկ 19 հետազոտական ինստիտուտների և համալսարանների 61 հետազոտական թիմեր՝ դարձել Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման (Faculty Research Funding) ծրագրի շահառուներ՝ գրանցելով հսկայական առաջընթաց իրենց հետազոտություններում։