Ամերիկաների գագաթաժողովը միջազգային համագործակցության օրինակ ցույց տալ չկարողացավ։ Անգամ եթե տարածաշրջանը գլխավոր գերակայությունը լիներ նախագահ Ջո Բայդենի համար (իսկ դա այդպես չէ), նա այնքան էլ շատ բնական գործընկերներ չունի, որոնց հետ կարելի կլիներ աշխատել, գրել է Axios-ը։
Այս շաբաթ հիմնական ուշադրությունը հատկացվել է այն բանին, թե ով է եկել Լոս Անջելես՝ 2018-ից հետո առաջին տարածաշրջանային գագաթաժողովին եւ առաջինն ԱՄՆ-ում 1994-ից հետո։
Կուբայի, Նիկարագուայի եւ Վենեսուելայի ղեկավարները հրավիրված չեն եղել, ինչը հանգեցրել է Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպեսի եւ Բոլիվիայի ու Հոնդուրասի ղեկավարների բոյկոտին։
Գվատեմալայի նախագահ Ալեխանդրո Ջամաթեին եւ Սալվադորի նախագահ Նայիբ Բուքելեն նույնպես ներկա չէին։ Երկուսն էլ համաձայն չեն Բայդենի վարչակազմի հետ՝ կոռուցպիայի առնչությամբ, եւ Բուքելեն չի պատասխանել պետքարտուղար Թոնի Բլինքենի հեռախոսազանգին գագաթաժողովից առաջ, տեղեկացրել է NYT-ը։
Հյուսիսային եռանկյունու երեք ղեկավարների բացակայությունը թուլացնում է Բայդենի աշխատակազմի ուշադրությունը գագաթաժողովի աշխատանքի հանդեպ, որը վարում է փոխնախագահ Քամալա Հարիսը միգրացիայի կարեւոր պատճառների վերաբերյալ։
Խուան Գուայդոն՝ Վենեսուելայի ընդդիմության ղեկավարը, որին Վաշինգտոնը համարում է երկրի օրինական ժամանակավոր նախագահը, նույնպես հրավիրված չէր Լոս Անջելես՝ չնայած Բայդենը զանգահարել էր նրան։
Բայդենի վարչակազմը փորձել է նվազեցնել բոյկոտների նշանակությունը եւ ընդգծել է, որ «դիկտատորներին» հրավիրելը կխափանի «նախկին տաածաշրջանային պարտավորությունները դեմոկրատիաների առջեւ»։
Այնուամենայնիվ, սրանք բացահայտ մարտահրավեր են տարածաշրջանային հեգեմոնի նկատմամբ։ Բայդենը նախկինի պես այնքան էլ շատ գաղափարական դաշնակիցներ չունի Լոս Անջելես եկածների մեջ, բացի Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյից։
ԱՄՆ-ի բարեկամ համարվող Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեն նստած էր Բայդենի կողքին, բայց արդեն մոտենում է նրա ժամկետի ավարտը, եւ նրա պաշտոնի համար մրցակցությունն ընթանում է ծայրահեղ ձախերի եւ աջ պոպուլիստների միջեւ։
Բայդենը ստիպված էր հանդիպում առաջարկել Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարուին, որպեսզի նրան ստիպի գալ։
Հարավամերիկյան քաղաքականությունը ձախ ընթացք ունի, իսկ Արգենտինայի, Չիլիի եւ Պերուի նախագահները դեմ են «նեոլիբերալիզմին»՝ ԱՄՆ գաղափարական ազդեցությանը տարածաշրջանում։ Կան մի խումբ ղեկավարներ, որոնք ցանկանում են ավելի խոր հարաբերություններ ԱՄՆ-ի հետ, բայց զգում են, որ դա չեն ստանում։
Էկվադորի նախագահ Գիլյերմո Լասոն գագաթաժողովի միջանցքներում ասել է, որ ցանկանում է համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ ազատ առեւտրի մասին։ Նա հազիվ թե հասնի դրան, քանի որ Բայդենը չի ընդունում նման համաձայնագրեր։ Դրա փոխարեն Լասոն ներկայում բանակցում է Պեկինի հետ։
Ուրուգվայի նախագահ Լուիս Լակալյե Պոուն ասել է. «Ես ձվեր եմ դնում այնտեղ, որտեղ կարող եմ»։ Նրա խոսքով՝ ԱՄՆ պաշտոնտար անձինք «պատկերացում չունեն Լատինական Ամերիկայի մասին» կամ, առնվազն, այնպիսի երկրների մասին, ինչպիսին իրենն է։
Տարածաշրջանում գոյություն ունեն ընդհանուր խնդիրներ այնպիսի հարցերի վերաբերյալ, ինչպիսին են տնտեսության վերականգնումը, կլիման եւ միգրացիան, եւ Սպիտակ տունը հայտարարությունների շարք է պատրաստել, որոնք հրապարակվելու են այս օրերին։
Դրանցից մեկը «Ամերիկյան գործընկերությունն է տնտեսական բարգավաճման համար», որը դեռեւս մշակման փուլում գտնվող կառույց է՝ այնպիսի ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու համար, ինչպիսին են մատակարարումների շղթան եւ էկոլոգիապես մաքուր էներգիան։
Վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան լրագրողներին ասել է, որ հրավիրվելու են «առավել հոգեհարազատ տնտեսական գործընկերները»։ Կոնկրետ երկրներ պաշտոնյան չի նշել։
Իր ելույթում Բայդենը նշել է, որ կներկայացնի առաջարկներ, որոնք «հեռու» են այն բանից, ինչը Դոնալդ Թրամփն էր առաջարկում տարածաշրջանին։ Դրանց թվում է միգրացիայի տարածաշրջանային պլանը, որը ներկայացվելու է ուրբաթ։





























