Անօդաչու թռչող սարքերի՝ կործանիչ եւ հետախույզ սարքերի արտադրման մասին ազդարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն, տեղեկացրել է «Новости-Грузия»-ն։
«Վրաստանում անօդաչուների արտադրությամբ զբաղվելու է վրաց-լեհական ձեռնարկությունը, որը հագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով։ Ձեռնարկության հիման վրա կստեղծվի նաեւ ուսումնական կենտրոն»,- տեղեկացրել է նախարարը խորհրդարանում հաշվետվությունը ներկայացնելիս։
Բուրչուլաձեի կարծիքով՝ վրացական անօդաչու թռչող սարքերը «Դելտա Վեբե» ընկերությունը կթողարկի տարեվերջին։ Նախարարը նաեւ տեղեկացրել է, որ Վրաստանը նախատեսում է արտադրել եւ գնել ականանետեր, այդ թվում շարժական/ինքնագնաց սարքեր։
Ինչ վերաբերում է Վրաստանի Պաշտպանության ուժերում արդեն առկա ինքնագնաց հրետանային սարքերին, ապա դրանք պարբերաբար նորոգվում են։ «Մենք աշխատում ենք համաշխարհային առաջատար ընկերություններից մեկի հետ՝ այդ սարքերը կրակի կառավարման արդիական համակարգերի վերածելու ուղղությամբ, ինչը կբարձրացնի խոցման ճշգրտությունը եւ կկրճատի կրակի արձակման ժամանակը»,- ասել է Բուրչուլաձեն։
Բացի այդ, Թբիլիսիի «Թբիլավիամշենի» ավիացիոն գործարանը եւ «Դելտա» գիտատեխնիկական կենտրոնը կշարունակեն առկա ինքնաթիռների նորոգման եւ արդիականացման աշխատանքը։
«Կատարելագործվել են վեց Су-25, ինչպես նաեւ չորս Ми-24, երեք «Իրոկեզ»՝ UH-1H եւ АН-2։ Այդ գործըթնացը շարունակվում է,ւ նախատեսվում է արդիականացնել այլ ինքնաթիռներ եւս», նշել է նախարարը։
Նա տեղեկացրել է, որ տեղի է ունենում Վրաստանում արտադրված GI-4 հրացանի (ՆԱՏՕ-ի ստանդարտներով) փորձարկում։ Հինգ նմուշ փորձարկվում է տարբեր մեթոդներով։ Թեստավորումից հետո զենքի արտադրությունը լիարժեք կգործի, հավաստիացրել է նախարարը։
Նա նշել է, որ վերջին տարիներին «Դիդգորի» զրահագնացի մոտ 50 տարբեր մոդիֆիկացիա արդեն հանձնվել է Պաշտպանության ուժերին, եւ այդ գործընթացը կշարունակվի ապագայում։
Վրացական մեկ ընկերություն եւս՝ Delta Textile-ը, հաջողությամբ արտադրում է որակյալ արտադրանք զինծառայողների համար»,- նշել է Բուրչուլաձեն։





























