Հայաստանի ԱԳՆ-ն քայլեր է ձեռնարկում Գվատեմալայում սպանված հայ մարզիչներ Մանվել եւ Դավիթ Մալոյանների դիակները Հայաստան տեղափոխելու ուղղությամբ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, օգոստոսի 9-ին Գվատեմալայում անհայտ չարագործները գնդակահարել են Հայաստանի երկու քաղաքացիների, որոնք այդ երկրի մայրաքաղաքում թեթեւ ատլետիկայի մարզիչներ էին աշխատում: Ավազակների զոհերը եղել են Դավիթ Մալոյանն ու նրա հայրը` Մանվել Մալոյանը:

Հարձակումը տեղի է ունեցել Matteo Flores մարզադաշտի մերձակայքում, որտեղ Մալոյանները մարզում էին Գվատեմալայի թեթեւ ատլետիկայի հավաքականը: Ականատեսների վկայությամբ Մալոյանների եւ այլ մեքենայի ուղեւորների միջեւ վիճաբանություն էր սկսվել, երբ վերջիններս խախտել էին ճանապարհային երթեւեկության կանոնները: Ուղեւորներից մեկը վերցրել էր ատրճանակն ու գնդակահարել մարզիչներին: Մալոյաններին տեղափոխել էին Ռուզվելտի անվան հիվանդանոց: 30-ամյա Դավիթը մահացել էր նույն օրը, իսկ նրա 60-ամյա հայրը ավելի ուշ:

Ի դեպ, Դավիթ Մալոյանը մի քանի ամիս առաջ էր ամուսնացել եւ պատրաստվում էր վերադառնալ հայրենիք: