Ռուս-թուրքական հարաբերություններում առաջնահերթը Կովկասի օրակարգը  չէ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՄԳԻՄՕ-ի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, փորձագետ, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը՝ պատասխանելով հարցին, թե ինչ տեղ է զբաղեցնում Հարավային Կովկասը ռուս-թուրքական հարաբերություններում։

Ըստ փորձագետի՝ ներկայիս իրողություններում Կրեմլի համար առավել կարեւոր են Ուկրաինայի եւ Սիրիայի հարցերը։

«Ինչ վերաբերում է Կովկասին, կարծում եմ, որ ռուս-թուրքական հարաբերություններում կովկասյան օրակարգը, թերեւս, առաջնահերթություն չէ։ Ըստ երեւույթին, Ուկրաինան եւ Սիրիան այն երկու հարցերն են, որոնք, թերեւս, ամենակարեւորն են։ Եվ դրանք քննարկվել են մեր նախարարի այցի ընթացքում։ Եվ, իհարկե, այնպիսի կարեւոր խնդիր, ինչպիսին ՆԱՏՕ-ի ընդլայնումն է: Հասկանալի է, որ Թուրքիան Հյուսիսային Եվրոպայի երկրներին՝  Շվեդիային եւ Ֆինլանդիային, որոնք անդամակցության հայտ են ներկայացրել, մի շարք պահանջներ է առաջադրել ոչ այն պատճառով, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այցելել է Անկարա, եւ ոչ այն պատճառով, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիրը Պուտինը Էրդողանի ընկերն է․․․  Ցանկացած տերություն առաջին հերթին սպասարկում է իր էգոիստական շահերը», ասաց նա։ 

Քաղաքագետը նշեց քրդերի ու ասորեստանցիների հարցերը, հիշեցնելով,  որ Շվեդիան բավականին ակտիվորեն առաջ էր քաշում 1915 թվականի իրադարձությունների ճանաչման օրակարգը՝ այն որակելով որպես ցեղասպանություն։

Այնուամենայնիվ,  ինչպես նշեց Մարկեդոնովը, ՆԱՏՕ-ի պառակտումը ձեռնտու է Ռուսաստանին։ 

«ՆԱՏՕ-ի պառակտումը բխում է Կրեմլի շահերից։ Հյուսիսատլանտյան դաշինքը բավական շարժուն եւ համախմբված է գործում ընդդեմ ռուսական շահերի և Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության: Ուստի ՆԱՏՕ-ի ցանկացած թուլացում, այսպես թե այնպես, ուղղակիորեն կամ անուղղակիորեն ձեռնտու է Ռուսաստանին: Չեմ կարծում, որ այս համատեքստում Կովկասը համար մեկ խնդիրն է, սակայն  ամեն դեպքում այն ոչ մի տեղ չի անհետացել։ Դա կարող է հետին պլան մղվել, սակայն դա չի նշանակում, որ այս տարածաշրջանն ու այստեղ առկա խնդիրները գոյություն չունեն»,- ընդգծեց նա։