Ֆինանսական շուկաները ներկայումս գտնվում են ճգնաժամային իրավիճակում, եւ եվրոպական կառավարությունների գործողություններն առայժմ վստահություն չեն ներշնչում շուկային: Այդ մասին ասվում է Ջորջ Սորոսի հոդվածում, որը հրապարակվել է Project Syndicate վերլուծական ռեսուրսում:
Նրա կարծիքով` հուլիսի 21-ին Բրյուսելում կայացած Եվրամիության խորհրդի նիստում ընդունված որոշումները կիսաքայլ էին, քանի որ Եվրոպական ֆինանսական կայունության մեխանիզմը (EFSF) նոր լիազորություն չստացավ իր վրա դրված խնդիրների լուծման համար: Սորոսի կարծիքով` լիազորությունների նման սահմանափակ շրջանակի միջոցով հնարավոր չէ արմատապես կարգավորել Եվրոպայի ֆինանսական շուկան: Նոր մեխանիզմն ուժի մեջ կմտնի սեպտեմբերից ոչ շուտ, իսկ մինչ այդ մի շարք եվրոպական երկրներ պետական պարտատոմսերի անկումից կարող են խուսափել միայն Եվրոպական կենտրոնական բանկի կողմից լիկվիդայնության խթանման օգնությամբ:
Այնուամենայնիվ, այն պահին, երբ EFSF-ի ընդլայնման մասին որոշումն ընդունվի, Ֆրանսիան, իսկ հետո Գերմանիան, կարող են զրկվել ամենաբարձր` ААА վարկանիշից: Գերմանիան եւ ամենաբարձր վարկանիշն ունեցող եվրագոտու մյուս երկրները պետք է որոշեն` արդյոք պատրաստ են ռիսկի ենթարկել վարկանիշը նրա համար, որպեսզի Իսպանիային եւ Իտալիային հնարավորություն տան վերաֆինասավորել իրենց պարտատոմսերը չափավոր տոկոսադրույքներով: Հակառակ դեպքում այդ երկրների համար եւս ֆինանսական առողջացման ծրագրի անհրաժեշտություն կառաջանա: «Պետք է համաձայնել եվրագոտու երկրների պարտատոմսերի այս կամ այն տիպի ռեժիմին, այլապես եվրոն կկանգնի կրախի առջեւ»,-կարծում է Սորոսը:
Նա նշում է, որ ժամանակին Եվրամիության տնտեսության ապաինտեգրացիայի խթանը ծնվել է հենց Գերմանիայում, երբ 2008թ. Lehmann Brothers-ի սնանկությունից հետո կանցլեր Անգելա Մերկելը հայտարարեց, որ ԵՄ յուրաքանչյուր երկիր պետք է ինքնուրույն երաշխիքներ ստեղծի դեֆոլտի դեմ: Այնուհանդերձ, եվրոյի անկումը հսկայական ֆինանսական կորուստ կպատճառի միասնական արժույթի երկրներին, եւ «որքան ուշ Գերմանիան դա հասկանա, այնքան դա ավելի թանկ կնստի նրա վրա»:




























