Ոստիկանները հուլիսի 10-ին Գեղամավան-Գագարին ավտոճանապարհի հարևանությամբ գնտվող դաշտամիջյան հատվածում հայտնաբերել են Lada մակնիշի ավտոմեքենան, որով Գագարինում Range Rover-ի ուղղությամբ 25-ից ավելի կրակոցներ էին արձակել ու փախել:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, նշված ավտոմեքենայի վրա հայտնաբերվել են վնասվածքի հետքեր, և կան կասկածներ, որ նշված ավտոմեքենայով են հուլիսի 4-ին Գագարին ավանի վարչական տարածքում ինքնաձիգից կրակոցներ արձակել Range Rover մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, ապա դիմել փախուստի։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 5-ին ոստիկանները Կոտայքի մարզում հայտնաբերել էին Range Rover մակնիշի ավտոմեքենա, որի դիմապակուն և կողային հատվածներում հայտնաբերվել էին կրակոցի բազմաթիվ հետքեր:
Դատարանը թույլ էր տվել խուզարկություն իրականացնել Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի տներից մեկի ավտոտնակում կասկածելի Range Rover-ը հայտնաբերելու համար:
Ոստիկաններն ու քննիչները ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության փորձաքրեագետների հետ նշված ավտոտնակում հայտնաբերել էին Range Rover-ը, որը ավտոքարշակի միջոցով տեղափոխվել էր ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Կայքի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները ունեին կասկածներ, որ նշված ավտոմեքենայի վրա կրակոցներն արձակվել էին հուլիսի 4-ին, Գագարին ավանի սկզբնամասում: Փաստի առթիվ Ա. Մխեյանի կողմից հարուցվել էր քրեական վարույթ՝ ՀՀ քր. օր-ի հրազենի գործադրմամբ կատարված խուլիգանություն և ապօրինի զենք կրելու, պահելու, օգտագործելու հատկանիշներով:





























